Ցավի և ողբերգության մեկդարյա պատմություն. National Geographic-ի անդրադարձը Հայոց ցեղասպանությանը

Armenpress 17:05, 12 Մարտ, 2016

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այնտեղ, որտեղ հայերը ժամանակին բարգավաճել են, Մեծ եղեռնը ցավի և հակասությունների մշտական հիշեցումն է լինելու: Այս տողերով է սկսվում National Geographic-ի լրագրող Փոլ Սալոփեքի և լուսանկարիչ Ջոն Ստանմայերի մեծ հոդվածը, որն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը, վերապրածների հիշողություններին, ինչպես նաև խնդրի նկատմամբ ժամանակակից Հայաստանի ու Թուրքիայի մոտեցումներին: «Աշխարհի ամենահին ևչլուծվող քաղաքական վեճերից մեկը, որը Հայաստանին և Թուրքիային սերունդներ ի վեր արգելափակել է լարվածության, թշնամության, ազգայնական ծայրահեղականության մեջ, կարող է ամփոփվել միայն մեկ բառի մեջ՝ ցեղասպանություն: Այս բառը լի է այլընտրանքային ընկալումներով, ստվերներով, տարըմբռնումներով: Միավորված ազգերի կազմակերպությունն այն կոդավորել է՝ որպես ամենասարսափելի հանցագործություններից մեկը, փորձ՝ ոչնչացնելու մի ամբողջ ժողովրդի, էթնիկ, ռասսակայան կամ կրոնական խմբի»,-գրում է National Geographic-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեղինակն այցելել է Անի՝ հայկական թագավորության միջնադարյան մայրաքաղաք՝ նշելով, որ ժամանակին այն եղել է հարուստ մեգապոլիս: «Հայտնի, որպես 1000 ու մեկ եկեղեցիների քաղաք՝ Անին ժամանակին իր փառքով մրցել է Կոստանդնուպոլսի հետ: Այն ներկայացրել է հայկական մշակույթի ծաղկուն շրջանը: Այսօր, սակայն, այն փլուզվում է մեկուսացված, արևից խանձված հարթավայրի վրա, որտեղ քանդված տաճարներ են և դատարկ փողոցներ»,- գրում է Սալոփեքը: Վերջինիս զբոսավար Մուրաթ Յազարը փաստում է, որ զբոսաշրջիկների համար թուրքական իշխանությունների կողմից Անիում տեղադրված տեղեկատվական ցուցանակների վրա որևէ հիշատակում չկա հայերի մասին: «Դա մտադրված քայլ է: Անիում հայեր չեն մնացել: Հայեր չեն մնացել անգամ պաշտոնական պատմագրության մեջ»,- գրում է հեղինակը:

Սալոփեքը փաստում է, որ Հայոց ցեղասպանության մասին թուրքական պաշտոնական թեզին հակադրվող տեսակետները Թուրքիայում հետապնդումների ու անգամ դատապարտման պատճառ են դառնում, քանի որ թուրք դատավորները կարծում են, թե «ցեղասպանություն» եզրույթը սադրիչ է և վիրավորում է «թուրքական ինքնությունը»:

Հեղինակը գրում է, որ հայկական սփյուռքը տասնյակ տարիների լոբբիստական աշխատանքներ է իրականացրել՝ աշխարհի կառավարություններին հորդորելով Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը որակել հենց «ցեղասպանություն» եզրույթով:

Natioanl Geographic-ի հեղինակները Հայաստանում հանդիպել են Ցեղասպանության վերապրածներին՝ լսելով նրանց սարսափելի պատմությունները 1915 թվականի վերաբերյալ: Նրանցից մեկը՝ 105-ամյա Խոսրով Ֆրանգյանը, խոսել է իր հայրենի տանը թողած պարտեզների մասին՝ ասելով. «Այգիները: Իմ պապն ուներ թզենիներ, ծառերից յուրաքանչյուրը 50 մետր բարձրությամբ: Ես ուզում եմ ուտել այն բանաները: Ուզում եմ պահել հիշողությունը դրա մասին»: Խոսրովի դուրստը ներողություն է խնդրել հոր համար՝ ասելով, թե նա շփոթված է: Սակայն Փոլ Սալոփեքը, ով եղել է վերապրածի հայրենիքում՝ ժամանակակից Թուրքիայի Հաթայ նահանգում, գրում է, որ իրականում նրա նկարագրած հայերնիքն ու այգիներն այն են, ինչ ինքն է տեսել:

Մերօրյա Թուրքիայի արևելյան նահանգներով անցնելիս՝ հեղինակը քայլում է հայկական լքված տների, մզկիթի վերածված եկեղեցիների, մահվան երթի մասնակիցների կողմից տնկված ընկուզենիների կողքով: «Մենք կռվել ենք հայերի դեմ, նրանցից շատերը զոհվել են: Կարծում եմ, որ դա սխալ է եղել, նրանք պատկանում էին այս վայրին»,- հեղինակի հետ զրույցում ասում է Թաշքալեի գյուղապետ Սալեհ Էմրեն:

Սալոփեքը գրում է, որ քրդերն արևելյան Թուրքիայի դաժան պատմության մեջ տարօրինակ տեղ են զբաղեցնում: Օսմանյան կայսրության կեղտոտ աշխատանքն անողներից նրանք վերածվել են էթնիկ փոքրամասնության, ովքեր այսօր պահանջում են ավելի մեծ քաղաքական իրավունքներ: Էմրեն պատմում է հեղինակին, որ իր ընտանիքը գյուղը հայերից է ձեռք բերել: Այնուհետև նա թվարկում է գյուղին մոտ երբեմնի հայկական քաղաքների անունները, որոնցում այսօր հայեր չեն ապրում:

«Ե՞րբ է ցեղասպանությունը պաշտոնապես ավարտված համարվում: Ո՞ր պահին է զանգվածային ոչնչացման գործողությունն ամբողջական, ավարտված, վավերագրված, լուծված: Ակնհայտ է, որ ոչ այն ժամանակ, երբ հրացանների կրակը դադարում է: Արդյոք այն ժամանակ, երբ անհատն անհետանում է մարդկային հիշողության շղթայից: Գուցե այն ժամանակ, երբ վերջին դատարկված գյուղը ձեռք է բերում նոր բնակչություն, նոր լեզու ու անվանում: Իսկ միգուցե երբ ի վերջո գալիս է զղջո՞ւմը»,- նշում է հեղինակը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am