1000х90.jpg (78 KB)

Սպասվող լրահոս. 19.02.2016

Armenpress 09:13, 19 Փետրվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում: 

Փետրվարի 19-ը Գիրք նվիրելու օրն է: Սպասվող իրադարձություններից պարզ է դառնում, որ լրահոսը մշակութային շնչով է լցվելու: Այսօր Մանկապատանեկան գրքի երևանյան 12-րդ տոնավաճառի հանդիսավոր բացումն է: Գրքի տոնավաճառում հայաստանյան հրատարակիչները կներկայանան վերջին տարիներին իրենց լավագույն հրատարակություններով:

Գիրք նվիրելու օրը՝ Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի աշակերտները կհանդիպեն գրող Վահե Արսենի հետ: Նույն օրը գիրք-նվեր է հանձնվելու «Բյուրոկրատ» գրախանութի ֆեյսբուքյան էջում գործող նախագծի մասնակցին, շախմատի դպրոցի սաներին: Մոտ 200 գիրք էլ տրվելու է սահմանամերձ Ոսկեպար գյուղի դպրոցի գրադարանին: Փետրվարի 19-ը Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, գրախանութ այցելած յուրաքանչյուր երեխա կստանա նվեր Հովհաննես Թումանյանի «Հեքիաթները» աուդիոգրքերից:

Որքանո՞վ են հայերն ընթերցասեր, ո՞ր գրքերն են առավել պահանջված, ինչպե՞ս է գիրքը ազդում մարդու հոգեբանության վրա և ինչպե՞ս է պետք տարիքին համապատասխան գիրք ընտրել: Այս և այլ հարցերին են անդրադառնալու գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, հոգեբան Լիլիթ Խաչատրյանը և «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, մեծանուն գրողի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը ամփոփելու է թատրոնի գործունեությունը: Նա ներկայացնելու է թատրոնի առջև ծառացած խնդիրներն ու ապագայում կատարվելիք ծրագրերը:

ՀՀ սփյուռքի նախարարության և Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի համատեղ` Մայրենիի օրվան ընդառաջ անցկացվում է «Հայոց լեզվի ուսումնասիրության արդի հիմնահարցեր» խորագրով հանրապետական խորհրդակցություն: Մասնակցում են Սփյուռքի նախարարության,Գիտությունների ազգային ակադեմիայի, բուհերի ներկայացուցիչներ:

Ինչպիսի՞ն է միջազգային փորձը տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումներում. ապակենտրոնացում և խոշորացում: Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանը, Եվրոպայի խորհրդի ֆինանսական և տարածքային հարցերով փորձագետ Պավել Սվիանևիչը և այլ գործիչներ կանդրադառնան համայնքների խոշորացմանը:

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը կազմակերպում է «Սիրիայի համակարտություն. ռուս-թուրքական հարաբերությունների հնարավոր անդրադարձը Հայաստանի վրա» թեմայով խորհրդաժողով: Մասնակցելու են Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, քաղաքագետներ ու տնտեսագետներ:  

Համացանցի բացասական ազդեցությունը երեխաների վրա: Ի՞նչ է համացանցային կախվածությունը: Ի՞նչ տեխնիկական ռիսկեր կան: «Ապահով համացանց» ծրագրի համակարգող Նարինե Խաչատրյանը, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը և հոգեբան Սամվել Խուդոյանը անդրադառնալու են նշված թեմային:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am