Բանաստեղծությունը իր լեզվական տեղանքի էնդեմիկ բույսն է. Հակոբ Մովսես


ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանաստեղծ, թարգմանիչ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը (Հակոբյան) ակտիվ ստեղծագործական և թարգմանական գործունեություն է ծավալում. առաջիկայում հանրությանը կներկայացնի նոր ժողովածու և Նիցշեի ստեղծագործությունները` հայերեն թարգմանությամբ:

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի հրամանագրով Հակոբ Մովսեսը «Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է պետական մրցանակի: «Արմենպրես»-ի հետ զրույցում գրողը խոսել է պարգևի, նոր ստեղծագործությունների և գրականության արդի միտումների մասին:

Հակոբ Մովսեսը`«Յոթներորդ որսորդություն» բանաստեղծությունների ժողովածուի մասին

2013 թվականին է լույս տեսել: Գիրքն առայժմ իմ վերջին բանաստեղծական ժողովածուն է, որը գրվել է երեք-չորս տարվա ընթացքում: Նոր բանաստեղծություններ են: Ինձ համար այս գիրքն արժեքավոր է նրանով, որ ես փորձեցի գրել դասական միջոցներով: Մեզ թվում է, թե հանգի հնարավորությունները սպառված են, բայց այդպես չէ: Վերնագիրը խորհրդանշում է երկու բան: Յոթներորդ` որովհետև սա իմ յոթներորդ գիրքն է: Որսորդություն` որովհետև գրքում մի փոքրիկ որսորդական թեմա կա` բանաստեղծ-որսորդը դուրս է գալիս բառերի, տեսիլքների, պատկերների որսի, իսկ թե ինչ է կարողանում որսալ ու ինչ է հնարավոր բառերով որսալ, բանաստեղծության մեծ հարցականներից է:

Տպագրվելուց հետո գիրքը երկար ժամանակ ձեռքս չեմ վերցրել, հիմա վերջին 15-20 օրերին ընթերցում եմ: Սովորաբար բանաստեղծներին հարցնում են` կարողացե՞լ եք անել այն, ինչ ուզում էիք, բանաստեղծները խորամանկ պատասխաններ են տալիս: Մեկն ասում է` ոչ, ես ինչե~ր կարող էի անել, բայց հնարավորություններ ու ժամանակ չունեցա: Ես պետք է ասեմ, որ այս գրքով արել եմ այն, ինչ ցանկացել եմ: Երեք տարվա ընդմիջումից հետո կարդում եմ ու հասկանում, որ կարող եմ սա ասել: Գիրքն արտահայտում է իմ կարողություններն ու այն, ինչ Աստված ինձ տվել է:

Պարգևների, մրցանակների մասին

Մրցանակները 18-րդ դարից գոյություն ունեն, հին աշխարհում էլ դափնիներով էին պսակում պոետներին: Առանձնապես ստեղծագործական նշանակություն չունեն: Ունեն ճանապարհիդ ինչ-որ հատվածում ինչ-որ մեկի` տվյալ դեպքում պետության կողմից քեզ մատնացույց անելու նպատակ: Իհարկե, դա ոչ մի բան չի նշանակում: Կարող են մատնանշել նաև շատ աննշան, ոչ մի արժեք չունեցող բաներ:

Համենայն դեպս, լավ է, որ պետությունն իր արվեստագետին, գիտնականին, մշակույթի գործչին մատնանշում է: Դրանով երևի թե ուզում է ասել, որ ինքն իր գործառույթների մեջ նաև մշակութային կողմ է տեսնում: Ի՞նչ է պետությունը, եթե ոչ մշակույթի արտահայտություն: Իսկ եթե մշակույթի արտահայտություն չէ, բանի պետք չէ:

Բանաստեղծությունը պետք է բանաստեղծություն լինի

Մեր բանաստեղծությունը տարբեր ուղղություններ, տարբեր միտումներ ունի: Ես բոլոր միտումների, նպատակների կենտրոնում հիմնական մի նպատակ եմ դրել` բանաստեղծությունը պետք է բանաստեղծություն լինի: Իմ առաջին խնդիրը դա է: Միայն դրանից հետո այն կարող է ինչ-որ ֆունկցիաներ, գեղագիտական գործառույթներ, բաղադրիչներ ունենա: Ես կուզենայի, որ իմ բանաստեղծությունն առաջին հերթին ընկալվի որպես բանաստեղծություն, ինչպես աղն է ընկալվում որպես աղ, ոսկին`իբրև ոսկի: Աղն ու ոսկին, իհարկե, կարող են ֆունկցիաներ ունենալ, բայց մենք ոսկին նրա համար չենք սիրում, որ ֆունկցիաներ ունի, սիրում ենք, որովհետև ոսկի է:

Կեսդարյա գործունեություն և սիրելի գործ

Դպրոցական տարիքից բանաստեղծություններ եմ գրել: Երբեք չեմ մտածել, որ պետք է բանաստեղծությունից ինձ հեռու պահեմ, միշտ դրա մեջ եմ եղել, անգամ եթե եղել են շրջաններ, երբ գործի բերումով բանաստեղծություն գրելու հնարավորութություն չեմ ունեցել: Բայց բանաստեղծության բզզոցը միշտ ականջիս մեջ է եղել:

Բանաստեղծության ծնունդ ու երկու նախապայման

Ամեն մեկի մոտ մի ձևով է բանաստեղծությունը ծնվում: Բանաստեղծությունը կարող է ծնվել մի հնչյունից, մի հանդիպումից, մի հեռախոսազրույցից: Ինձ համար երկու պայման պետք է լինի բանաստեղծություն գրելու համար: Առաջին` այդ օրվա մեջ կատարյալ կենցաղային անհոգություն. ես պետք է ուրիշ բանի վրա ուշադրություն չդարձնեմ, մտասևեռումս պետք է լինի միայն դրա վրա:  Երկրորդ ` գոնե բանաստեղծության կեսը գլխումս պետք է գրված լինի: Եթե այդպես է, ուրեմն մնացածն ինքըստինքյան ստացվում է:

Արձակում, պոեզիայում լավ անուններ ունենք…

Շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնց հետևում եմ: Բայց ընդհանրապես ավելի լավ կլինի անուններ տալու փոխարեն միտումների մասին խոսեմ: Մեր այսօրվա գրականությունը կամա թե ակամա հայտնվել է բացարձակ ազատության մեջ: Սրանից 20-30 տարի առաջվա սովետական գրականության գաղափարախոսական, ֆունկցիոնալ, գլավլիտային ոչ մի խոչընդոտը չկա: Սա բացարձակ արժեք է, բայց և շատ վտանգավոր բան, որովհետև ուրիշ բան է ինչ-որ բանից ազատ լինելը, ուրիշ բան է` հանուն ինչի ենք այդ բանից ազատ: Ժամանակակից գրողներին մնում է պատասխանել վերջին հարցին: Երկրորդը մշակութաբանական հարց է: Եթե մենք գտնենք այսօրվա համաշխարհային գրականության մայրերակներն ու զարկերակների վրա մեր մատները դնելու կարողությունը ձեռք բերենք և այդ ռիթմերը տեղափոխենք մեր լեզվի, մեր մշակույթի, մտածողության, կենսաբանության մեջ, մի 10-20 տարի հետո կունենանք շատ ուժեղ գրականություն, ինչպես 20-րդ դարի սկզբին ունեինք: Բայց եթե դրանք մեր լեզվի հետ զոդման, եռակցման ձևերը գտնենք: Եթե չգտնենք, կմնանք կամ որպես ընդօրինակող, կամ մեզնից դուրս որևէ բան չտեսնող գավառական թույլ գրականություն:

Բանաստեղծությունը` մշակութաբանական երևույթ

Մենք բանաստեղծություն ասելով՝ պատկերացնում ենք մեր զգացմունքները, ներաշխարհը, հարաբերությունները պատկերող մի բան: Իհարկե, դա էլ է բանաստեղծություն: Բայց բանաստեղծությունն առաջին հերթին մշակութաբանական երևույթ է: Տերյանին, Թումանյանին, Չարենցին իբրև զգացմունքների պոռթկումներ կամ իրենց զգացմունքներն արտահայտող բանաստեղծներ պատկերացնելը շատ նեղացնում է նրանց սահմանները. կան գոյաբանական, մշակութաբանական, առասպելաբանական, պատմական շերտեր: Ես կարծում եմ, որ Չարենցից հետո մեր բանաստեղծությունն իր մշակութաբանական ծանր քաշը կորցրեց: Շատ հանգամանքներով կարելի է բացատրել սա: Մեր բանաստեղծությունը դարձավ բանահյուսական, աշուղական, ինչը կարելի է ապացուցել, օրինակ, հանգավորման համակարգը ցույց տալով:

Բանաստեղծությունը դարձավ մերկ և մերկանտիլ զգացմունքների արտահայտման հասարակ միջոց: Ուրիշ բան է լավ բանաստեղծությունը, ուրիշ բան է բանաստեղծությունը որպես մշակութաբանական հասկացություն: Դա վերականգնվեց մեզ մոտ 60-70-ականներից: 60-70-ականներին մի սերունդ եկավ` Հովհաննես Գրիգորյան, Հենրիկ Էդոյան, որոնք փորձեցին բանաստեղծությունը մշակութաբանական շերտի մեջ տանել: Այսօր գործընթացը շարունակվում է:

Էնդեմիկ երևույթ

Ես գիտեմ , որ բուսաբանության մեջ մի տերմին կա` էնդեմիկ: Էնդեմիկ կոչվում են  այն բույսերը, որոնք աճում են միայն տվյալ տեղանքում: Բանաստեղծությունն իր լեզվական տեղանքի էնդեմիկ բույսն է, կապված է միայն և միայն լեզվի հետ: Թարգմանությունները սոսկ լուսավորչական նշանակություն ունեն: Իհարկե, կան գլուխգործոցներ, հաջողված թարգմանություններ: Ինքս թարգմանություններով եմ զբաղվում:

Սեր գերմանական գրականության նկատմամբ

Այս սերը երևի առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ եվրոպական մշակույթի մեջ ես գերմանականը համարում եմ միակը, որը մորֆոլոգիապես մոտ է մեզ, մեզ հարազատ է և նույն ծագումն ունի, ինչ հայկականը: Գերմանական մշակույթը եվրոպական մշակույթի մեջ ամենաբնականն է: Աբովյանից մինչև Թումանյան և Չարենց` մերոնք բոլորը կապված էին գերմանական գրականությանը: Դրա պատճառը ես համարում եմ այն, որ գերմաներենը հայերենի նման հունական քերականական համակարգի միջավայրում է ձևավորվել:  

Գերմանացի հեղինակներից թարգամանել եմ Ֆրիդրիխ Հյոլդեռլինի բանաստեղծական ժառանգության մեծ մասը, Գեորգ Թրակլի գրեթե ամբողջ պոեզիան, Ռայներ Մարիա Ռիլկեից մի ժողովածու:  25-30 տարի Նիցշեի թարգմանություններով եմ զբաղվել, նրա փիլիսոփայական ժառանգության ավարտուն մասը գրեթե թարգմանել եմ: Հիմա «Անտարես» հրատարակչությունը չորս հատորով դա լույս կընծայի, եթե ավարտեմ` այս տարի: Գոնե մի երկու հատորն այս տարի կլինի:

Այս տարի իմ բանաստեղծությունների մի գիրք կհրատարակեմ, կոչվում է «Շարական», «Յոթներորդ որսորդության» ուղիղ հակադրությունն է, գրված է միանգամայն ազատ բանատողով, պատկերային և մետաֆորիկ ժամանակակից բանաստեղծության տիպիկ ընկալումներով:

 Զրույցը` Ռոզա Գրիգորյանի

Լուսանկարները` Գևորգ Պերկուպերկյանի

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am