Հայ վիքիպեդիստները Երևանում նշում են օնլայն հանրագիտարանի հիմնադրման 15 ամյակը

Armenpress 21:33, 15 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի Ջիմմի Ուելսը և Լարի Սանգերը 2001 թվականի հունվարի 15-ին հիմնադրեցին Վիքիպեդիա հանրագիտարանային նախագիծը, որն այսօր աշխարհում ունի ավելի քան 37 միլիոն հոդված տարբեր լեզուներով: Վիքի համայնքի անդամ է նաև Հայաստանը, Հայերեն Վիքիպեդիայում արդեն կա շուրջ 193 հազար 300 հոդված: 2013 թվականի մայիսի 14-ին Հայաստանում հիմնադրվել է «Վիքիմեդիա Հայաստան» հանրագիտարանային գիտելիքների տարածմանը աջակցող գիտակրթական հասարակական կազմակերպությունը։ Այն Վիքիմեդիա Հիմնադրամի կողմից ճանաչված միակ կազմակերպությունն է տարածաշրջանում: «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական ՀԿ նախագահ Սուսաննա Մկրտչյանն է: Նա Վիքիպեդիայի ծննդյան 15 ամյակին նվիրված վիքիպեդյան էջում պատմել է իր պատմությունն ու կոչ արել միանալ վիքի համայնքին: «Դուք ծնող ես, տատիկ, ապա միացեք ինձ ու բարելավեք Վիքիպեդիան: Մի օր ձեր երեխաները ձեզ կհասկանան»,-գրել է Սուսաննա Մկրտչյանը` հավելելով, որ իր 12-ամյա թոռիկներն իրեն կոչում են Վիքի տատիկ ու արդեն խմբագրում Վիքիպեդիայում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես աշխարհի տարբեր երկրների վիքիհամայնքները, այնպես էլ հայ վիքիպեդիստներն ամեն տարի այս օրը հավաքվում են ու նշում են իրենց համատեղ գործունեության տոնը: «Վիքիմեդիա Հայաստան»-ը Վիքիպեդիայի ծննդյան օրը նշելուն զուգահեռ, անցկացրեց «Վիքին սիրում է հուշարձաններ 2015» մրցույթի և հայ-վրացական համագործակցության հաղթողների մրցանակաբաշխությունը:

«Վիքիմեդիա Հայաստան»-ի 2016 թվականի ծրագրերը բազմազան են, դրանցից ամենախոշորը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համաժողովի անցկացում է Հայաստանում, նախատեսվում է 3 վիքիճամբար Հայաստանում, նաև Ֆրանսիայում, և արդեն ավարտված ձմեռային վիքիճամբարն Աղվերանում։

Վիքիպեդիան ազատ բովանդակությամբ, բազմալեզու հանրագիտարանային նախագիծ է, որին հովանավորում է շահույթ չհետապնդող Վիքիմեդիա Հիմնադրամը։ Անունը կազմված է «վիքի» (համագործակցական կայքեր ստեղծելու տեխնոլոգիա, հավայան «վիքի» բառից, որը նշանակում է «արագ») և հունարեն «էնցիկլոպեդիա» բառերից։ Վիքիպեդիայի ավելի քան 37 միլիոն հոդվածներն ստեղծվել են ինքնակամ մասնակիցների կողմից, և համարյա բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am