Երևանյան բեսթսելեր 3/45. «Դանդաղ վերադարձ տուն» գիրքը վարկանիշային աղյուսակում է

Armenpress 09:36, 15 Հունվար, 2016

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակն այս շաբաթ գլխավորում է Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը»: Էսսեն գրվել է դասախոսությունների հիման վրա, սակայն այն գեղարվեստորեն բացահայտում է կին և գրականություն առնչությունները՝ կնոջը դիտարկելով և՛ որպես հեղինակ, և՛ որպես կերպար: Ստեղծագործությունը համարվում է ֆեմինիստական. այստեղ կարևորվում է կնոջ դերը տղամարդկանցով գերիշխող գրականության ավանդույթների համապատկերում:

Երկրորդ հորիզոնականում է Անտուան դը Սենտ Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործությունը՝ «Անտարես»-ի վերահրատարակությամբ: «Փոքրիկ իշխանը» թարգմանվել է ավելի քան 190 լեզվով և վաճառվել 80 միլիոնից ավելի օրինակով: Ունեցել է հայերեն մի քանի հրատարակություն:

Էդգար Հարությունյանի «Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին» ժողովածուն երրորդ հորիզոնականում է:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Սերը ժանտախտի օրերին» գործը չորրորդ հորիզոնականում է: «Մարդիկ միշտ չէ, որ ծնվում են այն օրը, երբ մայրը լույս աշխարհ է բերել. կյանքն ստիպում է, որ նրանք ծնվեն վերստին և շատ անգամ». այս փիլիսոփայությունն է արծարծում տվյալ յուրահատուկ ստեղծագործությունը: Վեպը բնագրից թարգմանել է Ֆրունզիկ Կիրակոսյանը:

«ՄՀՄ», «Գասպրինտ» հրատարակչությունների լույս ընծայած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» ժողովածուն հինգերորդն է:

Վեցերորդ տեղում է Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» ստեղծագործությունը: Խորաթափանց, համարձակ, հանդուգն եւ սուր այս գիրքը Ջոն Գրինի դեռեւս ամենահավակնոտ եւ սրտաճմլիկ ստեղծագործությունն է, որ փառահեղ կերպով ուսումնասիրում է ողջ եւ սիրահարված լինելու զվարճալի, հուզիչ եւ ողբերգական վիճակը: «Աստղերն են մեղավոր»-ը 2014 թվականի աշխարհի ամենավաճառված գիրքն է համարվել մի շարք հեղինակավոր կայքերի ու ամսագրերի կողմից:

Ավստրիացի հանրահայտ գրող Պետեր Հանդկեի «Դանդաղ վերադարձ տուն» ժողովածուն ներառում է նրա արձակ լավագույն ստեղծագործությունները՝ «Կարճ նամակ՝ երկար հրաժեշտից առաջ» վեպը և «Դանդաղ վերադարձ տուն», «Դոն Ժուան», «Դարպասապահի վախը տասնմեկմետրանոցի ժամանակ» վիպակները:

Բլաժե Մինևսկու «Նշան» վեպը ութերորդ տեղում է: Երկու դիպուկահար՝ տղամարդ և կին... Եվ մինչ տղամարդը հարմարեցնում է նշանը՝ կինն արդեն թիրախ է դարձրել նրան: Ուստի, տղամարդը դառնում է մի յուրօրինակ Շեհերազադա, որ իր կյանքի պատմությունն է պատմում դիմացինին՝ նոր «հազար ու մեկ գիշերվա» հույսով... 

Ֆյոդոր Դոստոևսկու «Պատմվածքներ»–ն ամփոփող ժողովածուն իններորդ հորիզոնականում է:

Տասներորդ հորիզոնականում է Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը» ստեղծագործությունը: Գերմանացի մեծանուն գրողի այս վեպը նրա ամենաճանաչված ստեղծագործությունն է, որը ներկայացնում է 20-րդ դարասկզբի եվրոպական ճգնաժամի համապատկերը: 

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (53-74-13), «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյյան տապան» (56-81-84), «Հայ գիրք» (54-07-06), «Նարեկ» (51-91-36) և «Զանգակ» (23-26-49) գրախանութները և «Անտարես»-ի գրքի տաղավարը (091-90-01-23): Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական բնույթի գրքերն ու դասագրքերը:

Տեղ Փոփ. Գիրք Հրատ. Քանակ 1 նոր

Վիրջինիա Վուլֆ

«Սեփական սենյակը»

Դարակ 82 2 -1

Անտուան դը Սենտ Էկզյուպերի

«Փոքրիկ իշխանը»

Անտարես 32 3 +1

Էդգար Հարությունյան

«Նվիրվելու արվեստը կամ ձոն վարդին»

Անտարես 14 4 +4

Գաբրիել Գարսիա Մարկես

«Սերը ժանտախտի օրերին»

Բուկինիստ 14 5 +4

Գրիգոր Նարեկացի

«Մատյան ողբերգության»

Գասպրինտ/ՄՀՄ 12/10 6 -3

Ջոն Գրին

«Աստղերն են մեղավոր»

Բուկինիստ/Էդիթ Պրինտ 10 7 նոր

Պետեր Հանդկե

«Դանդաղ վերադարձ տուն»

Անտարես 8 8 նոր

Բլաժե Մինևսկի

«Նշան»

Անտարես 8 9 *

Ֆյոդոր Դոստոևսկի

«Պատմվածքներ»

Բուկինիստ 7 10 *

Հերման Հեսսե

«Տափաստանի գայլը»

Անտարես 7

Աստղանիշով նշված գրքերը ցանկ վերադարձածներն են:

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am