1000х90.jpg (78 KB)

Վախճանվել է ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը

Armenpress 15:41, 9 Դեկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 8-ին կյանքի 89-րդ տարում վախճանվել է փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի լրատվական ծառայությունից,  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կարգադրությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Գեորգ Բրուտյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18.00-ին, Երևանի Սբ Հովհաննես (Կոնդ) եկեղեցում, քաղաքացիական հոգեհանգիստը՝ դեկտեմբերի 11-ին` ժամը 12.00-14.00-ը, ՀՀ ԳԱԱ նախագահության շենքում (Մարշալ Բաղրամյանի պող., 24), հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում:

Գեորգ Բրուտյանը ծնվել է 1926թ. մարտի 24-ին Սևքար գյուղում: 1942թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 81 հայկական դպրոցը, 1984թ.՝ ԵրՊԻ-ի շինարարական ֆակուլտետը, 1948-1951թթ. սովորել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: 1951թ. պաշտպանել է թեկնածուական, 1961թ՝ դոկտորական ատենախոսություն` դառնալով իր մասնագիտության գծով փիլիսոփայության ամենաերիտասարդ դոկտորը Խորհրդային Միությունում: 1951թ. Բրուտյանին շնորհվել է դոցենտի, 1963թ՝ պրոֆեսորի կոչում: 1971թ. Գ. Բրուտյանն ընտրվել է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, 1982թ՝ ակա­դե­մի­կոս: 1977-1994թթ. եղել է ՀՀ ԳԱԱ-ի  փիլիսոփայության և բանասիրության, 1994-1995թթ. և 1998-2000թթ` հումանիտար գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, 1994-2002թթ` նաև ՀՀ ԳԱԱ-ի փոխնախագահ, 2007 թվականից՝ ՀՀ ԳԱԱ նախագահի խորհրդական, 2011 թվականից՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության և փաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ:

Անուրանալի է Գեորգ Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ և գիտական կազմակերպություններ. եղել է Երևանի Բրյուսովի անվան մանկավարժական ինստիտուտի փիլիսոփայության (1962–1970) և Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և տրամաբանության ամբիոնների հիմնադիր վարիչը (1970–1986): Մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

Չնայած իր տարիքին, Բրուտյանը մինչև կյանքի վերջին օրերը շարունակում էր իր հարուստ փորձն ու կարողությունները ներդնել հայրենական գիտության զարգացման գործում:  Գեորգ Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների: Նա հիմնադիր և հեղինակ է մի շարք գիտական ուղղությունների և մեթոդաբանական սկզբունքների, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Դրանցից են` բազմատրամաբանության հայեցակարգը, փոխակերպական (տրանսֆորմացիոն) տրամաբանությունը, լեզվաբանական լրացչության սկզբունքը, համաշխարհային լայն ճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտ­յանական հայեցակարգը և նրա հիմնադրած Փաստարկման երևանյան դպրոցը: Մեծ է Գ. Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի և հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:

Տարիներ շարունակ ղեկավար պաշտոններ վարելով գիտության և կրթության տարբեր օղակներում` ակադեմիկոս Բրուտյանը ծանրակշիռ ներդրում է ունեցել փիլիսոփայության, տրամաբանության, սոցիոլոգիայի, քաղաքագի­տության և հոգե­բա­նության բնագավառներում գիտական նոր հերթափոխի պատրաստման գործում: Շուրջ 30 տարի նախագահել է ԵՊՀ-ում` փիլիսոփայության գծով գի­տա­կան աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդում, իսկ 2011 թվականից ղեկավարել է ՀՊՄՀ-ում գործող ՀՀ ԲՈՀ-ի 064 Փիլիսոփայության և հոգեբանության մասնագիտական խորհուրդը:

Անուրանալի է նաև ակադեմիկոս Բրուտյանի ավանդը համախշարհային գիտական հանրությանը Արցախի հիմնախնդրի օբյեկտիվ մատուցման և արդա­րացի լուծման ուղիների ներկայացման, ինչպես նաև Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների ներուժի կազմակերպման ասպարեզում:

Գ. Բրուտյանը համաշխարհային գիտական ակադեմիայի ցկյանս անդամ էր (Մեծ Բրիտանիա, 1990), Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա, 2000), արժանացել է ԽՍՀՄ, Հայստանի, արտասահմանյան մի շարք երկրների պետական պարգևների, բազմաթիվ առաջատար համալսարանների և միջազգային ինստիտուտների պատվավոր կոչումների ու պարգևների: Գ. Բրուտյանը ղեկավարել և անդամակցել է մի քանի տասնյակ միջազգային ամսագրերի խմբագրական խորհուրդների, այդ թվում՝ Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) Philosophy and Rhetoric գիտական հանդեսին:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նա­խագահն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ «ակադեմիկոս Գ. Բրուտյանի ապրած կյան­քը փայլուն վկայությունն է՝ թե ինչպես մեկ անձի մեջ կարող են համատեղվել  գիտնականը, ման­կավարժը, քաղաքացին: Եվ բոլոր երեք դրսևորումներում՝ հասնել համաշխարհային ճա­նաչ­ման»:

Մեծ գիտնականի, մանկավարժի և քաղաքացու անունը ոսկե տառերով է գրվել հայ և համաշխարհային գիտության պատմության մեջ: Ակադեմիկոս Գեորգ Բրուտյանի հիշատակը վառ կմնա գործընկերների, սաների և նրան ճանաչողների սրտերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am