Իրանահայ նկարիչ Էդման Այվազյանը պարգևատրվել է սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով

Armenpress 20:16, 20 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է իրանահայ նկարիչ (ներկայումս լոնդոնաբնակ)  Էդման Այվազյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից,  ցուցահանդեսը, որը կրում է «Հայրենի երկրի գույները» խորագիրը, կազմակերպվել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային պատկերասրահի համատեղ ջանքերով: Այն ներկայացնում է վաստակաշատ նկարչի վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները, ինչպես նաև ճարտարապետական և դիզայներական նախագծերը:

 «Էդման Այվազյանը սփյուռքահայ ամենանշանավոր նկարիչներից է: Նա ծնվել և ստեղծագործական առաջին քայլերն արել է Իրանում, այնուհետև տեղափոխվելով Անգլիա և ավելի կատարելագործելով գիտելիքներն ու տաղանդը՝ նա իր ստեղծագործական գունապնակում խտացրել է հայկական, արևելյան և եվրոպական մշակույթների ավանդույթները: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնին և Հայաստանի ազգային պատկերասրահին՝ այս հրաշալի ցուցահանդեսը կազմակերպելու և այս առիթով մեր վաստակաշատ վարպետին Հայաստան հրավիրելու համար»,- ելույթ ունենալով ցուցահանդեսի բացմանը՝ ասել է Հրանուշ Հակոբյանը:

Այնուհետև նախարարը խոսել է Էդման Այվազյանի գեղանկարչության արժանիքների մասին՝ վստահություն հայտնելով, որ նրա ստեղծագործություններն ընդմիշտ կմնան հայ արվեստի գանձարանում, ապա հայտարարել, որ հայ արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար՝ Էդման Այվազյանը պարգևատրվում է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

 Նկարչին գնահատանքի ջերմ խոսքեր են ուղղել ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, Հայաստանում ԻԻՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Մաջիդ Մեշքին: Երախտագիտություն հայտնելով կազմակերպիչներին և բոլոր ներկաներին՝ 83-ամյա նկարիչը նրանց հրավիրել է դիտելու իր ստեղծագործությունները:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am