Սփյուռքահայ նկարիչ Էդման Այվազյանի աշխատանքները կցուցադրվեն Հայաստանի ազգային պատկերասրահում

Armenpress 15:29, 19 Նոյեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական, արևելյան և եվրոպական մշակույթների ավանդույթները համադրող նկարիչ Էդման Այվազյանը հայաստանյան իր առաջին ցուցահանդեսից գրեթե երեսուն տարի անց նոր ցուցադրույթ կունենա: Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 20-ին կբացվի նրա` «Հայրենիքի գույները» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը:

«Այն նախապատրաստվել է Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի կենտրոնի հետ: Լուրջ աշխատանք է կատարվել: Վաղուց ծրագրավորված էր սփյուռքահայ նկարիչների ցուցահանդեսների շարք կազմակերպել, սա այդ նախագծի սկիզբ դնելու շատ լավ առիթ էր: Էդման Այվազյանը մեկ անգամ է ցուցադրվել Հայաստանում` 1987 թվականին Նկարիչների միությունում»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը:

Նկարիչ Էդման Այվազյանը շնորհակալություն հայտնեց պատկերասրահի և ԻԻՀ դեսպանատան աշխատակիցներին` ցուցահանդեսի կազմակերպման համար:

«Երեսուն տարուց հետո ես նորից կկարողանամ իմ հայրենիքի, իմ ժողովրդի հետ հանդիպել: Նորից շնորհակալ եմ բոլորին և նրանց, ովքեր կայցելեն ցուցահանդեսը»,-նշեց նա:  

Կազմակերպիչները մեկ տարի աշխատել են, որ ցուցահանդեսն անցկացնեն Հայաստանում:

ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մաջիդ Մեշքին հույս ունի, որ ցուցահանդեսը կզարգացնի հայ-իրանական մշակութային համագործակցությունը:

«Մենք հպարտանում ենք իրանահայ համայնքով, արվեստագետներով, այդ համայնքը շատ մեծ ծառայություն է մատուցել Իրանին: Իրանահայերը մեծ դեր են կատարում տարբեր` հատկապես մշակույթի ոլորտներում երկկողմ կապի ամրապնդման գործում: Պարոն Այվազյանն այդ մտավորականներից է»,-նշեց նա:   

Ցուցահանդեսում կներկայացվեն Էդման Այվազյանի ճարտարապետական, դիզայներական նախագծերը, ինչպես նաև վերջին 10-15 տարիներին ստեղծած բնանկարները: Ներկայացված են լինելու նկարչի անձնական հավաքածուի 40 գրաֆիկական և 6 կալիգրաֆիական աշխատանքներ:

Էդման Այվազյանը ծնվել է 1932 թ. Իրանում, այժմ բնակվում է Լոնդոնում: Նրա ցուցահանդեսը հնարավորություն կտա տեսնելու արվեստագետի անցած ուղին, գնահատելու ձեռքբերումները, ձիրքը: Նկարիչը ստեղծագործական գաղափարներ է իրագործել տարբեր ոլորտներում` գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, դիզայն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am