Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են

Armenpress 17:38, 31 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինայի թերակղզում կործանված ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի ուղևորներից ոչ մեկ չի փրկվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ռուսական ՌԻԱ լրատվականը, այս մասին հայտարարություն է արել Եգիպտոսի կառավարությունը:

Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող ռուսական ուղևորափոխադրող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Հետագայում պարզվել է, որ այն կործանվել է Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Ինքնաթիռի տախտակամածին եղել է 217 ուղևոր (17-ը երեխա են) և անձնակազմի 7 անդամ: «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռն անհետացել էր թռիչքից 23 րոպե անց: Արդեն վթարի վայրից դուրս են բերվել 150 զոհերի դիերը: 

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:

Հայտնի է, որ ինքնաթիռի բոլոր ուղևորները ՌԴ քաղաքացիներ են եղել:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարակով` ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն ԱԻՆ օդանավով կմեկնի Կահիրե: Օդանավակայանի ղեկավարությունը քննիչներին է հանձնել բոլոր այն փաստաթղթերը, որոնք առնչվում են ինքնաթիռի տեխնիկական վիճակին, վառելիքի քանակին և ուղևորների թվին, որը գրանցվել է թռիչքից անմիջապես առաջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am