1000х90.jpg (78 KB)

ԵԱՀԿ դիտորդներն անկողմնակալ դեր ունեն, նրանց անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի. ԱՄՆ դեսպանատուն

Armenpress 15:22, 28 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանեց հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի ԵԱՀԿ դիտորդական առաքելության դիտարկման ավարտի պահին ադրբեջանական կողմից ավտոմատ հրազենից գրանցված գնդակոծության փաստը: «Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ԵԱՀԿ դիտորդական առաքելության ժամանակ երեկ հնչած կրակոցներն անընդունելի են: ԵԱՀԿ դիտորդներն արժեքավոր և անկողմնակալ դեր ունեն անկայուն տարածաշրջանում կայունության ապահովման գործում, և նրանց անվտանգությունը երբեք չպետք է վտանգվի: Մինսկի խմբի համանախագահները մասնակցել են երեկվա առաքելությանը: Մենք ցանկանում ենք, որպեսզի կողմերը համանախագահների հետ համատեղ աշխատանքի միջոցով հասնեն այս հակամարտության տևական կարգավորման` նրանց անվտանգությունը վտանգելու փոխարեն »,-նշված է ԱՄՆ դեսպանատան պատասխանում:

ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից տեղեկացրել էին, որ հոկտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչն անցել են ադրբեջանական տարածք՝ ԼՂՀ կողմից:

Սակայն, դիտարկման ավարտի պահին գրանցվել է գնդակոծություն ավտոմատ հրազենից ադրբեջանական կողմից: Դիտարկումն անց է կացվել Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի գլխավորությամբ և ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների մասնակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am