Արտակ Դավթյանը «ոչ»-ի շարժման անդամներին կոչ է անում գործել օրենքի շրջանակում

Armenpress 14:20, 22 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանի համար անընդունելի են սահմանադրական բարեփոխումների նախագծի հանրաքվեի օրը իշխանափոխության վերածելու կոչերը: Պատգամավորն անիրատեսական է համարում նման կոչերն ու  հայտարարությունները: Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը Արտակ Դավթյանը «ոչ»-ի շարժման կողմնակիցներին կոչ արեց իրենց քայլերն ու գործողությունները իրականացնել օրենքի շրջանակում:

«Եթե նրանք իրենց քայլերն իրականացնում են օրենքի շրջանակում, ապա ոչինչ ասել չեմ կարող, դա պայքարի նրանց մեթոդն է: Սական եթե նրանք գործում են օրենքի շրջանակից դուրս, ապա գործ կունենան այլ մարմինների հետ, իսկ այդ մարմինները մեկ անգամ չէ, որ ապացուցել են, որ կարող են շատ լավ կատարել իրենց աշխատանքը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց պատգամավորը՝ անդրադառնալով «Ոչ»-ի շարժման անդամների կողմից քաղաքացիական անհնազանդության և հանրաքվեի օրը իշխանափոխության օրվա վերածելու կոչերին:

Արտակ Դավթյանը նշեց, որ հանրաքվեն և իշխանափոխությունը միմյանց հետ կապ չունեցող և տարբեր հարթություններում գտնվող հարցեր են՝ հավելելով, որ չի կարելի անընդհատ քաղաքացիներին ասել բաներ, որոնք անիրականանալի են: «Մենք էլի ենք հանրաքվեներ անցկացրել, ունենք նաև նախադեպ, երբ իշխանությունների ներկայացրած նախագիծը հանրաքվեով չի անցել, սակայն այդ ամենը իշխանափոխության չի վերածվել: Ես անիրատեսական եմ համարում նման կոչերն ու հայտարարությունները: Պետք չէ խոսել բաների մասին, որոնք այս գլխից անիրականանալի են»,- եզրափակեց պատգամավորը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am