Սիրիայի վերաբերյալ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հուշագիրը տարածվում է բոլոր օդանավերի վրա. Պենտագոն

Armenpress 10:09, 21 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի օդային տարածությունում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ հնարավոր հակամարտությունների կանխման վերաբերյալ հուշագիրը տարածվում է թռչող սարքերի բոլոր տեսակների վրա: Բացի այդ, ստորագրված համաձայնագիրը ներառում է այն օդանավերը, որոնք Սիրիայի երկնքում օգտագործվում են ԱՄՆ-ի գործընկերների կողմից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների համար կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Կուկը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 20-ին «ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնատարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը վերաբերում է Ռուսաստանի եւ կոալիցիայի թռչող ապարատների միջեւ միջադեպերի վտանգը նվազագույնի հասցնելու միջոցառումներին»: Ինչպես պարզաբանել է Կուկը, հուշագիրը վերաբերում է միայն Սիրիային եւ չի տարածվում Իրաքի օդային տարածության վրա: Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն աշխատանքային խումբ կստեղծեն ձեռք բերված պայմանավորվածության «իրագործման բոլոր հարցերի քննարկման համար, որոնք կարող են ծագել»:

Պենտագոնի ներկայացուցիչը նշել է, որ հուշագրի ստորագրումը չի նշանակում, որ Վաշինգտոնը պաշտպանում է Մոսկվայի քաղաքականությունը սիրիական ուղղությամբ եւ Ռուսաստանի գործողություններն արաբական այդ երկրում: Կուկի կողմից շարադրված տեղեկատվության համաձայն՝ «հուշագիրը չի նախատեսում համագործակցության գոտիների ստեղծում, հետախուզական տեղեկատվության փոխանակում, Սիրիայում թիրախների վերաբերյալ որեւէ տեղեկատվության փոխանակում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`AP



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am