1000х90.jpg (78 KB)

Կարող ես լինել փոքր երկիր, բայց ունենալ մեծ երազանքներ. «Մայքրոսոֆթ»-ի հայազգի փոխնախագահ

Armenpress 21:10, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մայքրոսոֆթ» ընկերության կորպորատիվ փոխնախագահ Վահե Թորոսյանը արտասվելու չափ հուզվել էր` ՀՀ Նախագահի նստավայրում տեսնելով  աշակերտների ու ուսանողների, ովքեր երկրի նախագահից ստանում էին իրենց մրցանակը: Ծնվելով ու մեծանալով Փարիզում` Վահե Թորոսյանը ստացել է հայկական դաստիարակություն և այժմ ուրախ է հայկական արմատներին վերադառնալու համար: «Քիչ առաջ ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ էլ նշեցի, որ իմ սիրտը մշտապես եղել է հայության հետ: Ես շատ արագ հասկացա` առաջին հերթին շնորհիվ իմ ծնողների, որ աշխատասեր լինելով, սրտանց աշխատանքին նվիրվածությամբ, լավ արդյունքներով Հայաստան վերադառնալը կլինի հարազատ երկրիս օգտակար լինելու լավագույն ձևը: Երբ 2006-ին որոշեցի Հայաստանում բացել «Մայքրոսոֆթ»-ի հայաստանյան գրասենյակը, ես առաջին հերթին մտածում էի ձեր` երիտասարդ սերնդի մասին»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտնեց Վահե Թորոսյանը:

Նրա բնորոշմամբ` ապագայի համար չկա ավելի լավ հիմք, քան գիտելիքն է, հատկապես թվային ու բարձր տեխնոլոգիաների ոլորտում, երբ ամեն օր աշխարհի մի կետում ինչ-որ մեկը մի նոր բան է ստեղծում` երբեմն փոխելով մինչ այդ եղած չափանիշները: «Անընդհատ նշաձողը բարձրացնելով է, որ հնարավոր է լինել առաջինը: Ինչ եմ ես ձեզ մաղթում, որ լինեք հաջորդ Բիլ Գեյթսը, կամ էլ նա, ով ձեր երազանքն է: Երբեք մի մոռացեք, որ նորագույն տեխնոլոգիաների բնագավառում չափն այլևս նշանակություն չունի. այսօրվա գերփոխկապակցված աշխարհում կարող ես լինել փոքր ընկերություն, փոքր երկիր, բայց ունենալ մեծ երազանքներ: Ձեզ եմ հղում իմ մաղթանքները, որ անեք այդ լավագույնը Հայաստանի համար»,- ասաց հայազգի մասնագետը` հավելելով, որ Հայաստանից հեռանում է էլ ավելի խանդավառությամբ ու լավատեսությամբ լցված:

Ինչ վերաբերում է «Մայքրոսոֆթ»-ում աշխատելու հնարավորություններին, ապա Վահե Թորոսյանը խորհուրդ տվեց անընդհատ կատարելագործվել, դիմել ընկերության կողմից կրթաթոշակային ծրագրերի: Իսկ «յան»-ով վերջացող ազգանունը կստիպի, ոչ մասնագետն ավելի ուշադիր լինի այդ դիմումի նկատմամբ: «Ինչպես արդեն ասացի` սիրտս միշտ հայկական է, երբ տեսնում եմ «յան»-ով ազգանուն, միշտ ավելի ուշադիր եմ դառնում»,- եզրափակեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am