Հայաստանը հինավուրց երկիր է երիտասարդ սրտով. Financialexpress

Armenpress 19:25, 12 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդիկ լրագրող Սուդիպտա Դեվը Financialexpress-ում «Դարավոր հող, ժամանակակից ազգ» վերնագրով հոդված է գրել Հայաստան այցելության եւ այստեղ ստացած տպավորությունների հիման վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Սուդիպտա Դեվը նշում է, որ Հայաստանը հիվանուրց եկեղեցիների եւ տաճարների երկիր է: «Հայաստանը հինավուրց երկիր է երիտասարդ սրտով: Նրա հարստությունը ավանդույթներն են, բայց նաեւ ունի մեծ սպասումներ ապագայից: Յուրաքանչյուր այցելու գիտի, որ սա միայն հինավուրց տաճարների եւ գեղեցիկ դաշտերի տարածք չէ. սա ուղեւորություն է, որը բացահայտում է հոգու դեռեւս չբացահայտված լարերը»,- գրում է հեղինակը` շեշտելով, որ Հայաստանն աշխարհում առաջին քրիստոնյա պետությունն է:

«Հայաստանը պետություն է` բազմաթիվ եկեղեցիներով եւ վանական համալիրներով, որտեղ դրոշմված է վաղ քրիստոնեական դարաշրջանը: Դրանցից ամենակարեւորը Մայր Աթոռ սուրբ Էջմիածինն է: Էջմիածինն ու Սեւանը ունեն ճեմարաններ, որտեղ կրթություն են ստանում ապագա հոգեւորականները: Երեւանից մի փոքր դուրս Գեղարդի վանական համալիրն է, որը ստեղծվել է սարի մեջ, իսկ Գառնիի տաճարը միակ հեթանոսական կառույցն է, որը կառուցված է հելլենիստական ճարտարապետությամբ»,- նշել է նա:

Լրագրողը պատմում է, որ Երեւան այցելությունից ամենից շատ տպավորված է Հանրապետության հրապարակից, «Կասկադ»-ից եւ «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնից: «Երեւանի փողոցներում կտեսնեք հազարավոր հնդիկ ուսանողների, ովքեր Հայաստանում բժշկություն են ուսումնասիրում»,- գրում է լրագրողը:

Իր այցելության ամենակարեւոր վայրերից մեկը Սուդիպտա Դեվն անվանում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: «Ցեղասպանության թանգարանը տխուր պատմության ցավալի հիշողությունն է այն ազգի, որ տեսել է 1,5 միլիոն ժողովրդի կոչստի ցավն ու մինչ օրս պահում է վիշտը իր սրտում: Առանց սննդի եւ ջրի Սիրիայի անապատներում որբերի, կանանց ու երեխաների լուսանկարներ են արել ականատեսները: Այսօր ընդամենը 25 երկիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը հայերի համար ոչ միայն մարդկանց կորուստ է, այլեւ` մշակութային ցեղասպանություն»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am