Քննիչը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները և կեղծել պաշտոնեական փաստաթղթեր

Armenpress 16:55, 1 Հոկտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրյալ Ալինա Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի հոկտեմբերի 4-ին իր վարած «Միտցուբիշի կոլտ» մակնիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի՝ բախվելով «Զիլ 131-Ն» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով իր ավտոմեքենայի ուղևոր քաղաքացի Ռ. Ս.-ն ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Նույն օրը դեպքի վայրում զննություն կատարող ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչը, առանց դեպքի վայրի զննության արձանագրությունը լրացնելու, առաջարկել է իրեն ստորագրել դրա տակ: Այնուհետև նույն քննիչը իր աշխատասենյակում չի թույլատրել, որ վթարից հետո համապատասխան բուժօգնություն ստանա, համոզելով վերցրել է ցուցմունք՝ կեղծելով դրա բովանդակությունը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Ալինա Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am