Գագիկ Մելիքյանը Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցը քաղաքական սկանդալի պատճառ չի համարում

Armenpress 12:40, 24 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսի կարծիքը ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ  քաղաքական սկանդալի պատճառ չի դառնա: «Եթե դուք ուշադիր լսել ենք իր հարցազրույցը, ապա նա սկզբում նշել էր, որ վերջին տարիներին ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակը նվազել է: Ես չեմ կարծում, որ ԱՄՆ դեսպանի հայտարարությունները որևէ առնչություն ունեն Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հնարավոր հանդիպման հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը սեպտեմբերի 17-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում  հայտարարել էր, որ կոռուպցիան լուրջ խնդիր է Հայաստանի համար և մեծ դեր ունի երկրի ամենօրյա կյանքում: «Կոռուպցիան խոչընդոտում է տնտեսական աճը, վտանգում է մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը և անգամ, կարծում եմ, երկրի ազգային անվտանգությունը, որտեղ կոռուպցիա կա, քանի որ արտաքին ուժերը կարող են վերահսկել ձեր երկրի զարգացումը»,- ասել է Միլսը: Նա գործարարներին հորդորել էր չվախենալ կոռուպցիային դիմակայելուց և բարձրաձայնել այդ խնդրի մասին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am