1000х90.jpg (78 KB)

Լոս Անջելեսում կայացել է ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառում

Armenpress 16:48, 19 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Լոս Անջելեսում սեպտեմբերի 17-ին նշվել է ՀՀ անկախության 24-րդ տարեդարձը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, տոնական երեկոյին մասնակցել են հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, համայնքային կառույցների անդամներ, դիվանագետներ և ամերիկացի պաշտոնյաներ:

Ողջունելով հյուրերին՝ Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովն իր ելույթում նշել է. «24 տարի առաջ նորից հայկական պետություն հայտնվեց համաշխարհային քաղաքական քարտեզի վրա: 24 տարին մեծ ժամանակահատված է մարդու համար, սակայն կարճ՝ երկրի ու ժողովրդի համար: Մենք շատ գործ ենք արել այս տարիների ընթացքում և հպարտ ենք ձեռքբերումներով: Բայց և հաճախ չենք գոհանում արդյունքներով և ձեռք բերված ցուցանիշներով: Թող ամեն մեկս հարց տա իրեն, թե արդյոք մեր կարեցածն արել ենք՝ հպարտ լինելու համար: Վստահ եմ՝ ոչ ոք չի կարող ասել, որ արել է ամեն ինչ: Հրաշքներ մի՛ ակնկալեք, հրաշքներ տեղի չեն ունենում հատկապես՝ տնտեսության բնագավառում: Մենք բոլորս պետք է օգնենք մեր երկրին. հզոր ժողովուրդն է կերտում հզոր երկիր»:

Ելույթ ունենալով ներկաների առջև` ԱՄՆ-ում հրատարակվող «Կալիֆորնիա Քուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանը նշել է. «ՀՀ վերանկախացումը մեր հավաքական երազանքի իրականացումն էր»: Նա ամփոփել է մեր երկրի ձեռքբերումը՝ անկախության վերականգնումից ի վեր, և մարտահրավերները, որոնք մինչև այօր էլ կանգնած են երկրի առջև:

«Այսօր մեր առջև ծառացած խնդիրները չենք կարող հաղթահարել առանց Արցախի, Հայաստանի և Սփյուռքի միասնական կամքի: Արցախի անվտանգությունն ապահովելու համար մենք պետք է ունենանք հզոր Հայաստան, որը, իր հերթին, աշխարհասփյուռ հայ համայնքների պահպանման երաշխիքն է: Այժմ` անկախության վերականգնումից գրեթե քառորդ դար անց, մենք ամեն հնարավոր բան պետք է անենք՝ ապահովելու հայրենիքի հետագա հզորությունն ու զարգացումը: Անկախ մեր գաղափարական, կրոնական ու քաղաքական կողմնորոշումներից` մենք պետք է միավորվենք մեր սիրելի եռագույնի ներքո»,-նշել է Հարութ Սասունյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am