1000х90.jpg (78 KB)

Կամերային երաժշտական թատրոնը նոր գույնով ու դիմագծով է սկսել 27-րդ թատերաշրջանը

Armenpress 22:50, 18 Սեպտեմբեր, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կամերային երաժշտական թատրոնը 27-րդ թատերաշրջանը սկսում է ամբողջովին նորացված ու թարմացված տեսքով և դիմագծով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին երաժշտական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը սեպտեմբերի 18-ին շնորհակալություն է հայտնել Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամին՝ թատրոնի նորոգման գործում զգալի ներդրման համար և ավելացրել, որ մշակութային այդ հաստատության նորացման ու թարմացման գործում կարևոր դեր է խաղացել նաև թատրոնը՝ ներդնելով սեփական միջոցներն ու ներուժը: 

«Մշակույթի նախարարության քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը թատարոններն են, դրանց տեխնիկական վերազինումը, դա նախարարության գերակա ուղղություններից մեկն է: Որախ եմ, որ Մշակույթի նախարարության և թատրոնի ղեկավարների հետ միասին կարողացանք իրականություն դարձնել այս նորոգումն ու տեխնիկական վերազինումը: Կամերային երաժշտական թատրոնի վիճակը, մեղմ ասած, բարվոք չէր, և դա անդրադառնում էր նաև հաստատության ստեղծագործական աշխատանքի վրա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Արթուր Պողոսյանը:

Կամերային երաժշտական թատրոնի տնօրեն Վարդան Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է կատարված աշխատանքը: «Պետական կամերային երաժշտական թատրոնի վերջին տասնամյակի պատմության մեջ, ընթացիկ տարում առաջին անգամ իրականացվել են երկու կարևոր ծրագրեր, որոնք ամբողջովին փոխել են թատրոնը ոչ միայն արտաքնապես, այլև բովանդակային առումով: Կատարված աշխատանքներն ու փոփոխությունները ենթադրում են, որ նորացված թատրոնում ոչ միայն աշխատանքային բարենպաստ պայմաններ են ստեղծվել ամբողջ անձնակազմի, այլև այն ավելի գրավիչ ու ակնահաճո է դարձել հանդիսատեսի համար»,- ընդգծել է նա:

Վ. Գրիգորյանի նաև տեղեկացրել է, որ ամառվա ընթացքում թատրոնի տնօրինության նախաձեռնությամբ ու ջանքերով զուգահեռ ձեռնարկվել են թատրոնի համար հրատապ և անհետաձգելի վերանորոգման աշխատանքներ: Դերասանների համար կառուցվել և կահավորման ընթացքում են չորս գրիմանոցներ՝ նախատեսված շուրջ 30 դերասանի համար, որոնք որակապես կփոխեն ստեղծագործական անձնակազմի աշխատանքային պայմանները: Ամբողջովին վերանորոգվել է կուլիսային երկհարկանի տարածքը, բացվել է լվացքատուն, հիմնովին վերանորգվել են սանհանգույցները: Մինչև նոր թատերաշրջանի բացումը նորացվել է դահլիճի ամբողջ հատակածածկը, կատարվել են մուտքերի և դահլիճի պատերի, բեմի, մասնակիորեն` նաև առաստաղի գունային թարմացում, սալիկապատվել է շենքի դիմային հատվածը, հաշմանդամների համար կառուցվել են մուտքերի թեքահարթակներ: Թատրոնը տարածքի սահմանափակության պատճառով երբևէ չի ունեցել դեկորների պահեստարան: Նորոգումների ընթացքում շենքի hետնամասում կառուցվել է նոր պահեստարան, որը թույլ է տալիս ներկայացումների դեկորացիաները պահել ապահով և վերանորոգել: 

Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանը խոսել է 2015թ. ընթացքում թատրոնի անձնակազմում կատարված կադրային լուրջ փոփոխությունների մասին, ինչի արդյունքում ներգրավվել են երիտասարդ մասնագետներ:  Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ թատրոնում չի դադարել ստեղծագործական գործունեությունը: Ընթացիկ ներկայացումներին զուգահեռ, ստեղծագործական մասը զբաղված է նաև երեք նոր ներկայացման բեմադրական աշխատանքով:

«Աշխատում ենք տարբեր ներկայացումների վրա, գրեթե պատրաստ է Նահապետ Քուչակի` «Հայրեններ» ստեղծագործության հիման վրա ստեղծվող խորեգրաֆիկ ներկայացումը, զուգահեռ աշխատում ենք նաև Ստեփան Ջրբաշյանի «Գիքորը» օպերայի և Բերն Սթայնի «Վեյսթսայդյան պատմություններ» մյուզիքլի բեմադրական աշխատանքների վրա: Հուսով եմ, որ մինչև տարվա վերջ կկարողանանք հանդիսատեսի դատին հանձնել գոնե երկու նոր ներկայացում,  ինչը մեր թատրոնի համար նաև ստեղծագործական մեծ առաջընթաց կլինի»,-նշել է նա:

Մինչև պատրաստ կլինեն նոր ներկայացումները, հանդիսատեսը արդեն նորացված թատրոնի բեմում կշարունակի դիտել Պետական կամերային երաժշտական թատրոնի՝ երեխաների ու մեծահասակների կողմից արդեն սիրված ու սպասված ներկայացումները:

Վերջին ամիսներին թատրոնում իրականացվել է էներգախնայողության համալիր ծրագիր` Պետական կամերային երաժշտական թատրոնի և Հայաստանի վերականգնվող էներգիայի և էներգախնայողության հիմնադրամի միջև ստորագրված պայմանագրի և համաձայնագրի շնորհիվ: Դրա արդյունքում թատրոնում կատարվել են ջերմամեկուսացման աշխատանքներ (արտաքին պատերի, տանիքի), որի շնորհիվ թարմացվել, նորացվել է թատրոնի արտաքին տեսքը, դռներն ու պատուհանները փոխարինվել են ժամանակակից եվրոդռներով ու պատուհաններով:  Ծրագրի կարևոր բաղադրիչներից մեկն էլ թատրոնի ամբողջ լուսային համակարգի նորացումն ու արդիականացումն է՝ լուսադիոդայինով փոխարինելը, ինչը ենթադրում է նախ էլեկտրաէներգիայի ծախսերի 60%-ի կրճատում, ապա լուսային ժամանակակից համակարգի ներդրում` հատկապես բեմական լուսավորության հարստացումը: Այս արդիականացումը հնարավորություն կտա բարձրացնել գործող և նոր բեմադրվելիք ներկայացումների գեղարվեստական որակը, ինչպես նաև կատարել բազմաֆունկցիոնալ լուսային ձևավորում և առավել գրավիչ դարձնել բեմը:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am