Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի մարզիչներին

Armenpress 14:59, 31 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Համահայկական ամառային վեցերորդ խաղերի մասնակից Երևանի հավաքական թիմի գլխավոր մարզիչներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հավաքական թիմին մաղթել է արդար մրցակցություն և մարզական հաջողություններ:

«Համահայկական խաղերի առանձնահատկությունը նրանում է, որ բոլոր թիմերն էլ հայկական են ու մրցակցությունն էլ` որքան էլ որ մրցակցություն, այնուամենայնիվ, նախ բարեկամական է: Ու մեծ հաշվով, բոլորիս ակնկալիքն այն է, որ ունենանք մարզական մեծ տոն, ինչը, համոզված եմ, այդպես էլ կլինի: Որպես տանտեր, անշուշտ, պետք է պատշաճ հյուրընկալենք մայրաքաղաք այցելած մեր բոլոր հյուրերին, բայց և պետք է անենք հնարավորը, որպեսզի Երևանի թիմը, ինչպես միշտ, ապահովի փայլուն մասնակցություն, նվաճի հաղթանակներ ու հերթական անգամ բարձր պահի Երևանի մարզական պատիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետին ներկայացնելով նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ Երևանի մարզական պատվիրակությունը կազմված է շուրջ 500 մասնակիցներից և միակն է, որ մասնակցության հայտ է ներկայացրել խաղերի բոլոր 17 մարզաձևերի կանանց ու տղամարդկանց 31 մրցաշարերին: Նաև նշվել է, որ մայրաքաղաքը ներկայացնող թիմերի համար քաղաքապետարանն ապահովել է մարզվելու և հմտությունները կատարելագործելու բոլոր պայմանները, ինչի համար Երևանի հավաքական թիմի մարզիչներն իրենց գոհունակությունն են փոխանցել քաղաքապետին: Նրանք նաև հատկանշել են, որ հատկապես վերջին տարիներին ոլորտի հանդեպ ցուցաբերվող առանձնահատուկ վերաբերմունքը խիստ ոգևորիչ է և լրացուցիչ ուժ է տալիս՝ ապահովելու նորանոր հաղթանակներ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս վստահեցրել է, որ քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունը հստակ է, և Երևանի զարգացման ծրագրերով մայրաքաղաքում սպորտային կյանքի էլ ավելի աշխուժացմանն ուղղված ծրագրերը լինելու են շարունակական: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am