Վահանցիները հանդիսավորությամբ նշեցին իրենց գյուղի հիմնադրման 90–րդ տարեդարձը

Armenpress 17:48, 25 Հուլիս, 2015

ԳԱՎԱՌ, 25 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղի բնակիչներն հուլիսի 25-ի վաղ առավոտվանից տոնական տրամադրությամբ նշեցին գյուղի հիմնադրման 90–րդ տարեդարձը: Միջոցառման հիմնական վայր էր ընտրվել Վահանի Պանթեոնը, ուր հանգչում են 1992-1994 թվականների ինքնապաշտպանական մարտերում զոհված հերոս վահանցիները, եւ որտեղ տեղադրված է Հայրենական մեծ պատերազմում զոհված վահանցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ` տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը, ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանը, Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը, Վահանի տարածքում տեղակայված ՀՀ ԶՈւ բանակային ստորաբաժանումների ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, Արցախյան ազատամարտի վետերաններ, Ճամբարակի տարածքի համայնքների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ վահանցիներ: Միջոցառումը սկսելուց առաջ վահանցիները եւ հրավիրված հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Վահանի ինքնապաշտպանական մարտերում զոհված քաջորդիների շիրիմներին:

Բացելով տոնական միջոցառումը` համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանը նշեց, որ Վահանը 1925 թվականին  հիմնադրել են Արծվաշենից այստեղ տեղափված ընտանիքներ: Ի պատիվ այն ժամանակվա ՀԽՍՀ հողժողկոմատի աշխատակից Ռուբեն Դաշտոյանի, ով մեծ ներդրում է ունեցել նորաբնակներին հող ու օթեւան տրամադրելու հարցում, գյուղը կոչվել է Ռուբենավան: 1939 թվականին, երբ բռնադատվում ու գնդակահարվում է Ռուբեն Դաշտոյանը, կառավարության պահանջով գյուղը կոչվում է Օրջոնիկիձեի անունով: 1990 թվականից բնակավայրը կրում է Վահան անունը: «Մեր գյուղը հիմա ոչ թե մարդու անուն է կրում, այլ` վահանի, քանի որ այն համարվում է Հայաստանի արեւելյան սահմանի դարպասը, որը պաշտպանիչ վահանի դեր է տանում: Մոտ չորս տարի տեւած մարտական գործողությունների ընթացքում մեր գյուղն իրավացիորեն արդարացրեց իր անվանակոչության իմաստը` մնալով աներեր ու անսասան: Թեայն ծանր օրերին, թեանցած երկու տասնամյակների ընթացքում գյուղից ոչ մի ընտանիք չի հեռացել, բոլորը մեկ մարդու պես պաշտպանում ու շենացնում են իրենց հողը»,- ներկայացրեց համայնքի ղեկավարը:

 Վահանցի Ազատ Թորոսյանն իր խոսքում նշեց, որ հպարտ է զգում իրեն` լինելու զավակը մի հողի, որի մարդիկ այստեղ հաստատվելուց 16 տարի անց մասնակցել են Հայրենական մեծ պատերազմին` տալով ավելի քան 200 մասնակից եւ 90 զոհ, որի մարդիկ աչքի են ընկել սոցիալիստական շինարարության տարիներին` ունենալով ամենաբարձր արտադրական ցուցանիշները, որի մարդիկ դարձել են հայտնի գիտնականներ, մանկավարժներ, զինվորական ու հասարակական գործիչներ:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանն իր խոսքում շեշտեց, որ Վահանի խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության ներքո.Վահանի նման փառավոր ուղի անցած գյուղի կենսապայմանների բարելավման համար վերջին տարիների ընթացքում ներդրվել եւ ներդրվում են կենսական կարեւոր նշանակության ծրագրեր: «Սակայն, ես կցանկանայի Վահանը տեսնել ոչ միայն ավելի բարեկեցիկ, այլ նաեւ ավելի բազմամարդ: Երիտասարդ ընտանիքներին հորդորում եմ ավելի շատ երեխաներ ունենալ, ավելացնել ծնունդների թիվը, որ մեր հայրենիքի վաղվա օրը լինի ավելի հուսալի ու ապրեցնող: Հուսով եմ, որ ներկա կգտնվեմ նաեւ գյուղի մեկդարյա հոբելյանի տոնին, անկախ դիրքից ու պաշտոնից, եւ այնժամ կհայտարարվի, որ Վահանում բնակչության թիվը կտրուկ ավելացել է»,-շեշտեց մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:

ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Պողոս Պողոսյանն իր խոսքում կարեւորեց Վահանի այսօրվա մարդկանց մասնակցությունը հայոց բանակաշինությանը, հայրենիքի սահմանների պաշտպանությանը: «Լինել վահանցի` նշանակում է լինել քաջ ու հայրենասեր, տոկուն ու պատվախնդիր հայ: Վահանն այսօր իսկական վահանի դեր է տանում ոչ միայն ռազմավարական դիրքի, այլ նաեւ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին զինվորագրվելու առումով: Հայոց բանակի շարքերում այսօր ծառայում են 25 ժամկետային եւ 55 պայմանագրային զինծառայողներ, Վահանը տվել է քաջարի զինվորներ ու զինվորականներ, ովքեր այսօր էլ կանխում են թշնամու ամեն մի ոտնձգության փորձ»,- նշեց Պողոս Պողոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալը հրապարարակեց ՀՀ պաշտպանության նախախար Սեյրան Օհանյանի կարգադրությունը` հայրենիքի պաշտպանության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար վահանցի մի խումբ ազատամարտիկների եւ մանկավարժների ՀՀ պաշտպանության նախարարության հուշամեդալներով պարգեւատրելու մասին:

Ասմունքով ու հայրենասիրական երգերով, բեմականացումներով հանդես եկան Վահանի միջնակարգ դպրոցի աշակերտները:

Համայնքի ղեկավար Գուրգեն Բալյանն ընթերցեց Վահանի ավագանու եւ գյուղապետարանի որոշումը` Վահանի պաշտպանության եւ զարգացման մեջ ավանդ ներդրած մի խումբ մարդկանց «Վահանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհելու մասին, որին արժանացան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, զինվորական թոշակառու, Վահանի ինքնապաշտպանական մարտերի մասնակից Գալուստ Առաքելովը:

Միջոցառման ավարտից հետո վահանցիները եւ հրավիրված հյուրերը տոնախմբությունը շարունակեցին հացկերույթի սեղանի շուրջ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am