Համահայկական խաղերի ջահը վառվել է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում


ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունը՝ ՀԽՀԿ նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, հուլիսի 8-13--ն եղել է Արևմտյան Հայաստանում: «Բարով եք եկել Ձեր տուն, բարով եք եկել Ձեր հողերը» խոսքերով նրանց է դիմավորել հայոց հնագույն մայրաքաղաք Վանի քաղաքապետ Բեքիր Կայանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մամուլի ծառայությունից, քաղաքապետարանում պաշտոնական ընդունելության ժամանակ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը մանրամասն ներկայացրել է մարզական խաղերի պատմությունը, անցած ուղին՝ նշելով, որ այս խաղերի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ աննախադեպ մեծ՝ մոտ 730 հոգանոց պատվիրակության ժամանումն է Հայաստան՝ Սասուն, Մուշ, Տիգրանակերտ, Վագֆ, Բիթլիս, Դերսիմ, Մալաթիա, Վան, Սամաթիա և Ստամբուլ քաղաքներից: 

Իշխան Զաքարյանը տեղեկացրել է նաև, որ, ի նշան աշխարհով մեկ սփռված հայերի միասնության, վառվելու է երեք ջահ՝ Արցախ, Սփյուռք և Հայրենիք եռամիասնությամբ:  Առաջին երկու ջահերն արդեն վառվել են, իսկ երրորդ ջահը ծրագրված է վառել 10-րդ դ. Գագիկ Արծրունու պատվերով Վանա լճի Աղթամար կղզում կառուցված Սուրբ խաչ եկեղեցում: Վանի քաղաքապետը մեծ պատիվ է համարել իրենց մասնակցությունն այդ նախաձեռնությանը և իր պատվիրակությամբ քաղաքի մշակութային համույթներով ուղեկցել ՀԽՀԿ պատվիրակներին Աղթամար:

Սուրբ Խաչ եկեղեցում «Ակունք» ազգագրական համույթը կատարել է «Հայր մերը», իսկ րոպեներ անց Իշխան Զաքարյանի, Վանի քաղաքապետի  և փոխքաղաքապետի պարզած ջահը բոցավառվել է Համահայկական խաղերի գործադիր կոմիտեի անդամներ Ալֆրեդ Հավանի, Վրեժ և Ռոլանդ Շառոյանների, ԱԺ պատգամավորներ Հրանտ Բագրատյանի, Արագած Ախոյանի, Արմավիրի քաղաքապետ Ռուբիկ Խլղաթյանի, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի և ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանի՝ եկեղեցում վառած մոմերից: Միջոցառման ավարտին Վանի քաղաքապետը նվերներ է հանձնել պատվիրակության անդամներին և սիրով ընդունել Իշխան Զաքարյանի հրավերը՝ ներկա գտնվելու Համահայկական խաղերի բացման արարողությանը: Այնուհետև ջահը դեպի Բիթլիս ու Տիգրանակերտ է տարվել Օհանես Օհանյանի կողմից:

Տիգրանակերտ տանող ճանապարհին Հայաստանի պատվիրակությանն ընդունել է Բիթլիսի քաղաքապետ Հուսեին Օլանը: Քաղաքապետը սիրով տեղեկացրել է, որ ամառային խաղերի բացմանն իր գլխավորած պատվիրակությունը կլինի Երևանում: Հուսեին Օլանը ցավով անդրադարձել է նաև 100 տարի առաջ տեղի ունեցածին՝ ասելով, որ իրենք բոլորն էլ մեղավոր են և ժամանակն է պատմությանը նայել ուղիղ աչքերով:

Իշխան Զաքարյանը և Հուսեին Օլանը քննարկել են Բիթլիսում դեռևս կանգուն, հայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանի տան վերականգնման և այդ փողոցը նրա անունով անվանակոչելու հարցը: Իշխան Զաքարյանը կարևորել է նաև հայկական կիսավեր եկեղեցու վերականգնման խնդիրը և մշակութային կապերի ամրապնդումը Հայաստանի տարբեր քաղաքների հետ: Կողմերը պայմանավորվել են այդ հարցերը քննարկել երևանյան հանդիպման ժամանակ:

Այնուհետև պատվիրակության անդամներն ուղևորվել են հայոց արքա Տիգրան Մեծի հիմնադրած Տիգրանակերտ, որտեղ նրանց դիմավորել են Տիգրանակերտի քաղաքապետ Ֆըրաթ Անլը և Սուրիի քաղաքապետ տիկին Ֆաթմա Շըք Բարաթը՝ «Բարի եկաք Ձեր տուն»  կարգախոսի ներքո: Դիմելով հյուրերին՝ Տիգրանակերտի քաղաքապետը կարևորել է երկու ժողովուրդների մշակութային և սպորտային կապերը, խոսել Երևանում կայանալիք ամառային խաղերին իրենց մասնակցության կարևորության մասին: Երեկոյան Սուրբ Կիրակոս եկեղեցու բակում կայացել է հայկական պատվիրակության հանդիպումը համայնքի հարյուրավոր ներկայացուցիչների հետ:

Վանից Տիգրանակերտ տարված ջահն ուղևորվել է Մուշ: Մուշ-Էրզրում ճանապարհին հայկական պատվիրակության անդամները խոնարհվել են հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզմանին: Հայաստանյան պատվիրակության անդամները Մշո վերին թաղի հայկական գերեզմանոցում գտնվող Գևորգ Չաուշի գերեզմանը ծածկել են հայոց եռագույնով, այնուհետև վարդեր նետել Սոլուխի կամրջից Արածանի գետը՝ ի նշան խոնարհումի բոլոր հերոսների առջև: 

Մշո դաշտից դեպի Էրզրում-Անիի ուղղությամբ ջահը ճանապարհել է Համահայկական խաղերի գործկոմի անդամ Ռոլանդ Շառոյանը:

Անին՝ հայոց հինավուրց մայրաքաղաքը, գրկաբաց է ընդունել Համահայակական խաղերի ջահը: Մայր տաճարում հնչել են Անիին նվիրված երգեր:

Կարսից և Անիից պատվիրակությունն ուղևորվել է Ջավախք: Համահայկական խաղերի ջահը Ջավախքի Սուրբ Խաչ եղեղեցի է բերել մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը: ՀԽՀԿ պատվիրակությանը դիմավորել են հարյուրավոր ջավախքցիներ: Ջավախքի վարչական շրջանի ղեկավար Համլետ Մովսիսյանը և ծնունդով ջավախեցի Աշոտ Մելքոնյանը հանդես են եկել ելույթներով և կարևորել միջոցառման էությունը՝ հպարտությամբ նշելով, որ Ջավախքի քաղաքները մեծաքանակ պատվիրակությամբ կմասնակցեն ամառային վեցերորդ խաղերին:

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում վառված ջահը Ջավախքից կանցնի Գյումրի, ապա Սարդարապատ և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանալով Վեհափառ Հայրապետի օրհնությունը՝ օգոստոսի 2-ին մուտք կգործի Հանրապետական մարզադաշտ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am