Բուխարեստում վախճանվել է ռումինահայ գրող Գաբրիել Տիրատուրյանը

Armenpress 11:56, 16 Հուլիս, 2015

ԲՈՒԽԱՐԵՍՏ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուլիսի 13-ին կյանքից հեռացել է ռումինահայ գրող, Ռումինիայի գրողների միության անդամ Գաբրիել Տիրատուրյանը/Gabriel Diradurian:

Գաբրիել Տիրատուրյանը ծնվել է 1944թ. Կոնստանցայում, ուսյալ հայ ընտանիքում: Նրա պապերը հարուստ վաճառականներ էին, որոնք կոմունիստական տարիներին ունեզրկվել էին: 1950-ական թվականներին ընտանիքի հետ տեղափոխվել է Բուխարեստ, լիցեյն ավարտելուց հետո սովորել տեղի Պոլիտեխնիկ համալսարանում, այնուհետեւ կիսատ թողել ուսումն ու մտել ռումինահայ «Նոր Կյանք» ամսագրի խմբագրություն` որպես պատասխանատու քարտուղար եւ սրբագրիչ: 1973-77թ. գրել է կարճ պատմվածքներ եւ վեպեր, որոնք մերժվել են ռումինական հրատարակչությունների կողմից, որի պատճառով նա լքել է Ռումինիան եւ մեկնել ԱՄՆ:

Լոս Անջելեսում ռումիներենով եւ անգլերենով հրատարակել է մի քանի արձակ գործեր եւ 19 տարի ԱՄՆ-ում դեգերելուց հետո վերադարձել է Ռումինիա ու կրկին տրվել գրականությանը: Ռումինագիր հայ գրողը հրատարակել է պատմվածքների ժողովածուներ, վեպեր, թատերգություններ եւ հուշապատումներ, որոնց մեջ անդրադարձել է նաեւ հայկական կյանքին (Հուշապատում/Memorialistică vol. I եւ II, Editura Ararat, Bucureşti, 2005-2011; Պատմվածքներ ռումինահայերի եւ ամերիկահայերի հետ/Povestiri cu armeni-români şi americani, Editura Ararat, Bucureşti, 2012): Գաբրիել Տիրատուրյանի ամենանշանավոր գործը «Մի սրիկայի նոթագրություններ» վեպն է, որ նա սկսել է գրել 1970-ական թվականների վերջերից եւ տարբեր վերամշակումներով հրատարակել ԱՄՆ-ում եւ Ռումինիայում/Din adnotările unui scelerat, Editura Tracus Arte, 2013:

Գաբրիել Տիրատուրյանը արդի ռումինական գրականության այն դեմքերից էր, որը մի շարք այլ հայազգի գրողների շարքում (Շտեֆան Հակոբյան, Անաիս Ներսեսյան, Պետրոս Խորասանջյան, Վարդան Առաքելյան) անծանոթ է հայ ընթերցողին: Ռումինահայ գրողներից Հայաստանում ծանոթ են Վարուժան Ոսկանյանին, Սարգիս Սելյանին եւ Մադլեն Կարակաշյանին, որոնք բոլորն էլ Հայաստանի գրողների միության անդամ են:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am