«Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական և միջազգային ընկերությունների

Armenpress 21:20, 7 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն հուլիսի 7-ին ներկա է գտնվել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության լոգիստիկ կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված պահեստային համալիրի հնարավորություններին, կատարված մեծամասշտաբ ներդրումներին, տեղական շուկայում ինտեգրման, բեռների պահպանման և սպասարկման գործում հայրենական արտադրողների և օտարերկրյա ընկերությունների համար «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ» ընկերության կողմից ստեղծված նպաստավոր պայմաններին ու Հայաստանում լոգիստիկայի զարգացման հեռանկարին:

Շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են, որ շուրջ 7 հա ընդհանուր մակերեսով պահեստային համալիրը՝ ժամանակակից ներքին ու արտաքին պահեստային ենթակառուցվածքներով և եվրոպական պահեստային տեխնոլոգիաներով, համապատասխանում է անվտանգության ու պահպանման պայմանների ապահովման միջազգային չափանիշներին:

Կենտրոնի բացման արարողությանը ներկա Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների և գործարար համայնքի ներկայացուցիչների համոզմամբ, «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ի նորաբաց կենտրոնն ամբողջ Կովկասում նման կարգի առաջին և միակ լոգիստիկ օպերատորն է, որը ներկայացնում է լոգիստիկ ծառայությունների ամբողջական համալիր՝ 3PL ձևաչափով, ինչի շնորհիվ հայկական արտադրական և առևտրային կազմակերպությունները, ներմուծողներն ու արտահանողները, ինչպես նաև շուկայի այլ մասնակիցներ հնարավորություն ունեն աշխատելու միջազգային չափանիշներին համապատասխան: Ժամանակակից մրցունակ բիզնեսի և տարածաշրջանային նշանակության յուրահատուկ ներդրումային այս նախագիծը, ըստ նրանց, հաջող օրինակ է, որը դրական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսական գրավչության վրա՝ նպաստելով Կովկասում Հայաստանի տարանցիկ դերի բարձրացմանն ու երկրի տնտեսության միջազգային ինտեգրմանը:

Լոգիստիկ կենտրոնի բացումը հնարավորություն է ընձեռում հայկական ընկերություններին կրճատել ծախսերը՝ սեփական միջոցներն ուղղելով պահեստային գործառնություններից դեպի արտադրական և առևտրային ենթակառուցվածքներ:

Ընկերության ներկայացուցիչները Նախագահ Սերժ Սարգսյանին տեղեկացրել են, որ «Ուրբան լոգիստիկ սերվիսիզ»-ն արդեն սպասարկում է ավելի քան 100 հայկական և միջազգային ընկերությունների՝ բեռների պահատվության, պահեստային մշակման բոլոր տեսակների, փաթեթավորման, հասցեներով առաքման և մի շարք այլ ծառայությունների մատուցմամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am