Սաքսոֆոնը սկսել եմ սիրել նվագելու ընթացքում. Էդուարդ Ներսիսյանի «Նորամուտ»-ը


ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վլադիմիր Սպիվակովի բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, դասական երաժշտության բնագավառում Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակի դափնեկիր սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը փաստում է՝ սաքսոֆոն սկսել է սիրել նվագելու ընթացքում: Չարաճճի երեխայի ծնողները որոշել էին այնպես անել, որ Էդուարդի էներգիան ինչ-որ տեղ սպառվի: Հետո սաքսոֆոնը դարձավ նրա կյանքի անբաժանելի մասը:  «Արմենպրես»-ն իր նոր շարքով ներկայացնում է Էդուարդ Ներսիսյանի «Նորամուտ»-ը:

Սաքսոֆոնի ընտրությունը պատահական եղավ…

Ծնվել եմ 1991 թվականին, հաճախել եմ Նիկոլ Աղբալյանի անվան անվան 19 միջնակարգ դպրոց, ինչպես նաև Ալ.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաքսոֆոնի բաժին՝ պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի դասարան: Սովորել եմ Երևանի պետական կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի փողային բաժնում՝ կրկին պրոֆեսոր Ալեքսանդր Մանուկյանի մոտ: Սաքսոֆոնի ընտրությունը շատ պատահական ստացվեց, սաքսոֆոն սկսել եմ սիրել նվագելու ընթացքում, երբ գնացել եմ սովորելու: Կան մարդիկ, որ ասում են, թե 6 տարեկանում զգացին, որ ջութակ շատ են սիրում: Ես ահավոր չար երեխա էի, ծնողներս որոշեցին տալ ինչ-որ փողային գործիքի, որ էներգիաս մի տեղ սպառվի: Սպորտի էլ էի գնում, բայց էներգիաս չէր սպառվում: Սովորելու ընթացքում սկսեցի սիրել գործիքը: Հեշտ էր ստացվում սկզբից էլ:

Փառատոնային հաղթարշավի սկիզբը

11 տարեկանից եմ գնացել սաքսոֆոնի: Առաջին փառատոնին մասնակցել եմ, երբ դեռ 6 ամիս էի պարապում սաքսոֆոն, ուսումնասիրում այն որպես գործիք: Փորձնական որոշեցին, որ հայ-բրիտանական սաքսոֆոնահարների փառատոնի պետք է մասնակցեմ, ես էլ չէի սպասում, որ միանգամից հաջողություններ կլինեն. դարձա փառատոնի դափնեկիր, գալա համերգին մասնակցեցի: Սա ինձ համար խթան հանդիսացավ, որ ավելի նվիրված գործին վերաբերվեմ, զգացի, որ ամեն ինչ կստացվի:  Դրանից հետո սկսվեց նվիրված պարապելու շրջանը, մասնակցեցի մի շարք մրցույթների, համագործակցության հրավերներ ստացա կազմակերպություններից՝  Նոր անուններից, հետո Վլադիմիր Սպիվակովի անվան հիմնադրամի կրթաթոշակառու, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր դարձա:

Սպիվակովի հետ առաջին անգամ հանդիպել եմ 2004 թվականին…

Սպիվակովի հետ բազում անգամներ եմ հանդիպել: 2004 թվականին առաջին անգամ Մոսկվայում հանդիպեցինք՝ իր «Մոսկվան դիմավորում է ընկերներին»  փառատոնի ընթացքում, նվագեցի նրա նվագախմբի հետ: Դրանից հետո շատ են եղել փառատոններ, որոնք Սպիվակովն է կազմակերպել կամ էլ հրավիրել մասնակցելու: Երբ գալիս է Հայաստան, միշտ հանդիպում է հիմնադրամի անդամների հետ:

ՀՀ Նախագահի մրցանակ ստանալու մասին 

2010 թվականին եմ ստացել ՀՀ Նախագահի մրցանակը՝ գործիքային կատարում անվանակարգում: Շատ պարտավորեցնող մրցանակներ էլի են եղել: Ինձ համար նաև պարտավորեցնող է, երբ Հայաստանը և մեր կատարողական արվեստը ներկայացնում եմ արտասահմանում: Ելույթներ եմ ունեցել տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Բելգիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Իտալիայում:

…Ամեն մի ելույթ էլ յուրահատուկ է, որովհետև ամեն մեկի ժամանակ էլ տարբեր հանդիսատեսներ են լինում, տարբեր մթնոլորտ է տիրում:

Տարբեր ժանրերի երաժշտություն լսելու մասին 

Տարբեր ժանրերի երաժշտություն եմ լսում՝ հիմնականում դասական, ջազ, ռոք էլ եմ լսում, ինչու ոչ՝ նաև էլեկտրոնային, որովհետև այնտեղ էլ հետաքրքիր մոտեցումներ կան: Միայն թե հետաքրքիր մոտեցում լինի:

Առաջիկա ծրագրեր

Այժմ դասավանդում եմ Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցում, օգոստոսին հնարավոր է Իտալիայում մրցույթ-փառատոնի մասնակցեմ: Բացի դրանից, ընկեր-երաժիշտներիս հետ սեպտեմբերի սկզբին նախատեսում ենք հանդիսատեսին ներկայացնել արգենտինական տանգո ՝ գործիքային կատարմամբ:

Ճաշակով երաժշտության քարոզումն առաջնային նպատակ 

Հասարակության ինչ-որ մաս կարող է հասկանալ դասական երաժշտություն, ցանկանալ լսել, մնացածները լսում են այն, ինչ իրենց քարոզվել է, ինչ լսվել է: Այսօր հիմնական մեծ խնդիրը դասական ճաշակով երաժշտության քարոզումն է:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ» խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավոր ևստեղծագործող երիտասարդներին՝ դերասաններ, ռեժիսորներ, բեմադրիչներ, նկարիչներ,երաժիշտներ և այլն, պատմել, թե ինչով են նրանք զբաղվում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչխնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան

 Լուսանկարները՝ Էդուարդ Սեպետչյանի 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am