ՀՔԾ-ն հայտարարեց` Բաղրամյան պողոտայում հունիսի 23-ին լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն

Armenpress 13:12, 3 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերով հարուցվել է քրեական գործ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակված հաղորդումների, նյութերի և տեսաձայնագրությունների  ուսումնասիրությամբ ձեռք են բերվել տեղեկություններ այն մասին, որ Երևանի Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած ցույցը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով 2015 թվականի հունիսի 23-ին իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, ինչպես նաև հետագա օրերին, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք, ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում ցույցի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ գործադրել են բռնություն, պատճառել  մարմնական վնասվածքներ, վնասել կամ ոչնչացրել վերջիններիս տեսաձայնագրող սարքերը, որով խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը` անձանց, կազմակերպությունների իրավունքներին և օրինական շահերին, հասարակության և պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս:   

Բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով` լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական              օրենսգրքի 309-րդ և 164-րդ հոդվածների 2-րդ մասերով և 185-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am