1000х90.jpg (78 KB)

Հայաստանը վերահաստատեց, որ հավատարիմ է մարդու իրավունքների պաշտպանությանը. Էդվարդ Նալբանդյան

Armenpress 13:14, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Էլեկտրաէներգիայի սակագնի առնչությամբ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ նման տեսակետ է հայտնել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը «Սպուտնիկ Արմենիա» գործակալության հարցին ի պատասխան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին չե՞ք կարծում արդյոք, որ Հայաստանի նկատմամբ կիրառվում են երկակի ստանդարտներ՝ հանրությանը պառակտելու նպատակով, Նալբանդյանն ասել է.

«Անկեղծ ասած՝ այդքան էլ լավ չհասկացա՝ ինչ նկատի ունեք տվյալ պարագայում՝ ասելով «երկակի ստանդարտներ»: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը դժգոհություն է առաջացրել, մարդիկ դուրս են եկել բողոքի ցույցի: Կառավարությունը, երկրի ղեկավարությունը կոչ են անում, հրավիրում են ցուցարարներին երկխոսության: Այս առումով ընդունվեցին որոշակի որոշումներ: Կառավարության կողմից որոշում կայացվեց փոխհատուցել թանկացումները նրանց համար, ովքեր ունեն սահմանափակ եկամուտ: Այնուհետև առաջարկվեց աուդիտ անցկացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ միջազգային անկախ փորձագետների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների՝ բողոքի ակցիայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Որովհետև ցուցարարների կողմից որոշակի դժգոհություն, անվստահություն կար՝ այդ ընկերության նկատմամբ: Այս գործընթացը որոշակի ժամանակ կպահանջի: Մինչ աուդիտի ավարտը, որը լույս կսփռի, կպատասխանի հասարակությանը հուզող հարցերին, կառավարությունն իր վրա է վերցնում էլեկտրաէներգիայի թանկացման բեռը: Այնպես որ, կառավարության, երկրի ղեկավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ երկխոսության հաստատման, ծագած հարցերի լուծման համար: Այդ մասին կոչ են անում նաև միջազգային հանրության ներկայացուցիչները: Նրանց կողմից արտահայտված անհանգստությունը մենք դիտարկում ենք որպես աջակցություն մեր երկրում ժողովրդավարական գործընթացին: Մենք մեր հերթին վերահաստատեցինք, որ Հայաստանը եղել և մնում է հավատարիմ՝ մարդու իրավունքների պաշտպանությանը, հիմնարար ժողովրդավարական ազատություններին»:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 17-ին որոշում էկայացրել էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել 6,93 դրամով: Հունիսի 19-ին Երևանի կենտրոնում` Ազատության հրապարակում, մեկնարկել է բողոքի ակցիա` հանրահավաք, այնուհետև` նստացույց: Ակցիայի մասնակիցները հունիսի 22-ին շարժվել են դեպի Բաղրամյան պողոտա` չենթարկվելով` հասարակական կարգը չխախտելու ոստիկանության հորդորներին: Ոստիկանությունը ջրցան մեքենաների կիրառմամբ հունիսի 23-ի առավոտյան ցրել է ակցիան: Արդյունքում 237 մարդ բերման են ենթարկվել, 25-ը դիմել են բժիշկների օգնությանը: Հունիսի 23-իերեկոյան կրկին հավաք է անցկացվել Ազատության հրապարակում՝ վերածվելով երթի կրկին դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ էլ մի քանի օր նստացույց է անցկացվել: Ակցիայի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել սակագնի բարձրացման որոշումը: ՀՀ Նախագահի` հունիսի 27-ի հայտարարությունից հետո, ըստ որի` մինչև միջազգային աուդիտի ավարտը կառավարությունն իր վրա կվերցնի սակագնի բարձրացման բեռը, նախաձեռնության անդամները որոշեցին դադարեցնել նստացույցը Բաղրամյան պոոտայում`տեղափոխվելով Ազատության հրապարակ: Բաղրամյան պողոտայում մնաց մի հատված միայն, որը թելադրվում է քաղաքական տարբեր ուժերի կողմից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am