Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածը դրանք ամբողջությամբ չի ոչնչացնի. Պենտագոն

Armenpress 11:02, 2 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի միջուկային ծրագրի օբյեկտների դեմ ռազմական ուժի օգտագործումը թույլ չի տա ամբողջությամբ ոչնչացնել դրանք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ի զինուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ գեներալ Մարտին Դեմփսիի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում:

Նա հաստատել է, որ ԱՄՆ-ը շարունակում է «պահպանել Իրանի նկատմամբ գործողությունների ռազմական տարբերակը»՝ բացառելու Իրանում միջուկային զենքի ստեղծումը: Սակայն հնարավոր ռազմական գործողությունը միայն «հետ կշպրտի իրանական միջուկային ծրագիրը», բայց թույլ չի տա ամբողջությամբ վերացնել այն, հայտարարել է Քարթերը:

Նրա խոսքով՝ «բնականաբար, ժամանակի ընթացքում ամեն ինչ կարելի է վերականգնել»: «Այդպիսով, հարվածը կդառնա Իրանի միջուկային ծրագրի հետագա զարգացման յուրատեսակ արգելակ, բայց թույլ չի տա բացառելու դրա վերստեղծումը ժամանակի ընթացքում»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am