Իրանն ամրապնդում է պաշտպանության համակարգը

Armenpress 20:34, 1 Հուլիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին Նախագահ Հասան Ռուհանիին հանձնարարել է երկրի պաշտպանական հնարավորությունների արդիականացման եւ ամրապնդման գծով միջոցներ ձեռնարկել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը:

«Այդ դիրեկտիվները Իրանի զարգացման 6-րդ ազգային պլանի քաղաքականության ընդհանուր ուղղությունների վերաբերյալ Խամենեի կողմից նախագահին ուղղված նամակի մաս են կազմում», -նշել է գործակալությունը:

Ըստ գործակալության` նամակում հատուկ նշվել է «հնարավոր ագրեսորներին զսպելու գծով երկրի պաշտպանական հնարավորությունների եւ հրթիռային ներուժի արդիականացման, ժամանակակից սպառազինության եւ մարտական տեխնիկայի հետագա արտադրության անհրաժեշտությունը»:

Նամակում Խամենեին ընդգծել է «բնական աղետներին առավել ենթակա» վայրերում բնակվող բնակչության քաղաքացիական պաշտպանության ծրագիր կազմելու անհրաժեշտությունը:

Այլ ուղղությունների մեջ նշվել է երկրի պաշտպանության արդիականացման անհրաժեշտությունն՝ Իրանի դեմ ագրեսորների կողմից տարբեր տեսակի «կիբեռնետիկ զենքերի» կիրառման փորձերից, ինչպես նաեւ հանրապետության ենթակառուցվածքների պաշտպանությունն այդ զենքերից:

Այաթոլա Խամենեին նշել է, որ ազգային անվտանգության ապահովման համար երկրի բյուջեի գոնե 5 տոկոսը պետք է հատկացվի պաշտպանության ամրապնդման եւ արդիականացման կարիքների համար: Նա նաեւ ընդգծել է սահմանապահ զորքերի արդիականացման կարեւորությունը, դրանց հետ հատուկ եւ հետախուզական գործողությունների անցկացումը եւ սահանամերձ շրջանների բնակչությանն այդ պետական ծրագրերի մեջ ներառման անհրաժեշտությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am