Երիտասարդներին մատչելի ավտոմեքենայի ծրագիրը կդադարեցնի գործունեությունը 2016-ից

Armenpress 09:44, 30 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մատչելի ավտոմեքենա երիտասարդ ընտանիքներին» պետական նպատակային ծրագիրը 2016-ից դադարելու է գործել: Ծրագրի համակարգողները հասկացել են, որ այն այլևս մեծ մասսայականություն չի վայելում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը: «Մենք արդեն երկու տարի է` իրականացնում ենք մատչելի ավտոմեքենայի ծրագիրը, որը սկսել ենք բնակարանային շինարարական ծրագրից հետո: Այսքան ժամանակ իրականացնելուց հետո, ես ստիպված եմ հիմա ասել` ընթացքը ցույց տվեց, որ այն, առաջին փուլում լուծելով ցանկացողների խնդիրը, այսօր արդեն մեծ մասսայականություն չի վայելում: Մենք 2016-ին դադարեցնելու ենք ծրագրի իրականացումը»,-ասաց Արսեն Քարամյանը: Փոխնախարարը խոստացավ ծրագրի ավարտին ներկայացնել տեղեկատվություն օգտվողների քանակի վերաբերյալ:

Բայց մինչ այդ` նշեց, որ այս ընթացքում 14 ընտանիք միաժամանակ օգտվել է մատչելի բնակարանի և ավտոմեքենայի ծրագրերից: «Երիտասարդ ընտանիքներն սկզբում ձեռք են բերել բնակարանը, 6-7 ամիս հետո մեքենան: Ծրագիրն, ըստ էության, այդ ընտանիքների դիմումի համաձայն էր ստեղծվել»,-նշեց փոխնախարարը:

Ծրագրի շահառուներ կարող են դառնալ երիտասարդ ընտանիքները, որտեղ ամուսինների հանրագումարային տարիքը չի գերազանցում 65 տարին: Ընդ որում, ամուսիններից որեւէ մեկը չպետք է ավտոմեքենա ունենա:

Նպատակային ծրագրի շրջանակներում երիտասարդ ընտանիքները կարող են ավտոմեքենա ձեռք բերել KIA մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ եւ վաճառքով զբաղվող «ԿԻԱ Մոթորս Արմենիա» ընկերությունից: Մեքենաների արժեքը պետք է լինի 4.2-7 մլն դրամ, իսկ ծրագիրը գործում է հետևյալ պայմաններով` 10-20 տոկոս կանխավճարով 7-10 տարի մարման ժամկետով, 10 տոկոս տարեկան տոկոսադրույքով, որից 2 տոկոսը սուբսիդավորվում է պետությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am