Հայկ Տիգրանյանը Յազեպս Վիտոլսի անվան միջազգային վոկալ մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի

Armenpress 10:33, 22 Հունիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաս Հայկ Տիգրանյանը երրորդ մրցանակի է արժանացել Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվող Յազեպս Վիտոլսի (Jāzeps Vītols)անվան 4-րդ միջազգային վոկալ մրցույթում:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ lsm.lv կայքը տեղեկացնում է, որ մրցույթի ընթացքում գրան պրի մրցանակ չի շնորհվել, իսկ առաջին մրցանակն ստացել է Մարցելինա Բեյշերը (Լեհաստան), երկրորդը՝ Մարգրեթ Ֆրեդհեյմը (Նորվեգիա):

Հատուկ մրցանակ և դիպլոմ է ստացել մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ տենոր Տիգրան Օհանյանը: Սոպրանո Քրիստինե Սաֆարյանն էլ արժանացել է հատուկ մրցանակի՝ որպես Յազեպս Վիտոլսի ստեղծագործությունների լավագույն օտարազգի կատարող: Որպես լավագույն կոնցերտմեյստեր՝ մրցանակ է ստացել նաև Ելենա Վարդազարյանը:

Ալտահար Մաքսիմ Նովիկովը, որի նախաձեռնությամբ էլ հայ երգիչ-երգչուհիները մասնակցել են այդ իրադարձությանը, «Արմենպրես»-ի հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել է, որ Հայաստանը միջազգային մրցույթին մասնակցում էր 9-հոգիանոց կազմով: Ընդհանուր առմամբ` մրցույթին մասնակցում էր 26 երգիչ-երգչուհի Հայաստանից, Լիտվայից, Լատվիայից, Լեհաստանից, Գերմանիայից, Բելառուսից, Նորվեգիայից, Ուկրաինայից, Ռուսաստանից:

Jāzeps Vītols միջազգային վոկալ մրցույթն այդպես է կոչվել լատվիացի կոմպոզիտոր, քննադատ և երաժշտական ուսուցիչ Յազեպս Վիտոլսի անունով: Ժյուրիի կազմում էին բազմաթիվ հեղինակավոր մասնագետներ:

 

Լուսանկարը` Հայկ Տիգրանյանի ֆեյսբուքյան էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am