Ծովինար գյուղում բացվեց Պատանի երկրապահների ճամբարը

Armenpress 21:57, 1 Հունիս, 2015

ԳԱՎԱՌ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի վարչական տարածքում, Սեւանա լճի ափամերձ անտառային գոտու հատվածում, բացվեց Պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստյան ճամբարը, որը գործելու է տասնմեկ հերթափոխով, երկուսուկես ամիս տեւողությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը, յուրաքանչյուր հերթափոխի ուսումնավաժանքներին ու հանգստին յոթ օր տեւողությամբ կմասնակցեն Հայաստանի ու Արցախի երեքից մինչեւ հինգ հարյուր  պատանիներ ու աղջիկներ: Հունիսի մեկի հետկեսօրին արդեն տեղադրված էին ճամբարային վրանները, բանակումի համար անհրաժեշտ մահճակալները, զինվորական խոհանոցը, ճամբար էին ժամանել հարյուրից ավելի պատանի եւ աղջիկ երկարապահներ, որոնք ներկայացնում էին Գեղարքունիքի մարզի տարբեր համայնքներ եւ Արցախի Քարվաճառ քաղաքը: Սահմանվել է նաեւ շուրջօրյա բուժօգնության ծառայություն, փրկարարար ծառայության եւ ոստիկանության կողմից:ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա եւ ճամբարի բացման կապակցությամբ  Ճամբարականների առաջին հերթափոխի պատանի երկրապահներին փոխանցեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը: Պատանի երկրապահներին Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ շնորհավորեց եւ ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: «Այն, որ դուք այս տարիքում զինվորական համազգեստ եք կրում, մասնակցում նման կարեւոր ուսումնական բանակումի, արդեն մեզ հույս է ներշնչում, որ հայոց բանակի շարքերը համալրվելու են կազմ ու պատրաստ, զինծառայության կարգից ու բանակային կյանքից գիտակ մարդիկ»,- պատանի երկրապահներին դիմեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Պատանի երկրապահների ճամբար էին ժամանել նաեւ ԵԿՄ Գեղարքունիքի մարզային խորհրդի նախագահ, Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանը, Արցախյան ազատամարտի վետերաններ, ԵԿՄ անդամներ, ովքեր պատանի երկրապահներին են փոխանցելու իրենց մղած ազատագրական պայքարի հուշերը եւ տալու են ռազմահայրենասիրական դասեր: ԵԿՄ պատանի երկրապահների ուսումնավարժական եւ հանգստյան ճամբարի կայացման գործում աջակցում են ՀՀ Պաշտպանության, կրթության, տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների, առողջապահության, սոցիալական հարցերի նախարարությունները, ոստիկանությունը եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Գեղարքունիքի մարզպետարանը եւ մարզի համայնքապետարանները: Մենք կազմակերպում ենք տասնյակ հազարավոր պատանիների ու աղջիկների համար հրամանատարասերժանտական դասընթացներ` նրանց փոխանցելով հմտություններ շարային, կրակային եւ ֆիզիկակական պատրաստության, առաջին բուժօգնության, արտակարգ իրավիճակում կողմնորոշվելու ոլորտներում, «Հայ ժողովրդի պատմություն» եւ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաներից: Պատանի երկրապահներին սնունդ տրվում է օրական երեք անգամ, օրական վեց ժամ տեւում են ուսումնական պարապմունքները: Օրվա մնացած ժամերին ճամբարականների միջեւ անցկացվելու են մարզական եւ մշակութային մրցումներ ու միջոցառումներ:«Արմենպրես»-ի հետ զրույցում ճամբարականները նշեցին, որ իրենք արդեն առաջին իսկ ժամերի ընթացքում հասցրել են ծանոթանալ միմյանց հետ, ընկերանալ, եւ այս մեկ շաբաթը իրենց կյանքում լի կլինի հաճելի անակնկալներով, տպավորիչ հուշերով:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am