Հայտնիները «Genealogy» խմբի օգտին քվեարկելու համար դիմում են արտասահմանցի ընկերներին

Armenpress 14:11, 19 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնիները սատարում են «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խմբին և կոչ են անում արտերկրում բնակվողներին քվեարկել Հայաստանի օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այս առիթով իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Կոչ եմ անում բոլոր օտարերկրացի ընկերներիս ու գործընկերներիս այսօր հետևել «Եվրատեսիլ» երգի մրցույթին, սատարել Հայաստանին ու քվեարկել «Genealogy»-ի օգտին։ Երախտապարտ կլինեմ աջակցության համար։ Կանխավ շնորհակալ եմ»:

Երգիչ Արամ Mp3-ն, ով նախորդ տարի հանդես եկավ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթում, իր ֆեսբուքյան էջում գրել է. «Այսօր բոլորս միասին եկեք առերեսվենք ստվերին: Քվեարկեք Հայաստանի օգտին: «Genealogy», մենք ձեզ հետ ենք»:

Երգիչ Անդրեն էլ օրիգինալ կերպով է դիմել Եվրոպային: Նա իր ուղերձում նշել է այն բոլոր երգերի անունները, որոնցով Հայաստանը ելույթ է ունեցել երգի հեղինակավոր մրցույթում՝ կոչ անելով քվեարկել Հայաստանի օգտին:

Սիրուշոն էլ ֆեյսբուքյան էջում ավելի վաղ գրել է. «Նորից «մասնակցում» եմ «Եվրատեսիլ»-ին: Մեր մասնակիցներն այս տարի ներկայանալու են «Պռեգոմեշ» հայկական զարդերով. մեծ հաջողություն եմ մաղթում և փոխանցում անսահման էներգիա»:

«Եվրատեսիլ- 2015» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված նշանաբանը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ`կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը մայիսի 19-ին է` 23:00-ին: Հայաստանը հանդես կգա երկրորդ համարի ներքո: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am