«Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն». կրթական նոր խաղի միջոցով աշակերտները նոր գիտելիքներ ձեռք կբերեն

Armenpress 13:35, 13 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրակրթական դպրոցների աշակերտները, ինչպես նաև մարդու իրավունքներով և Սահմանադրությամբ հետաքրքրվող յուրաքանչյուր քաղաքացի նոր՝ «Ես գիտեմ. բանակ և իրավագիտություն» խաղի միջոցով հնարավորություն կունենան ստուգելու սեփական գիտելիքները:

 Մայիսի 13-ին Ս. Զորյանի անվան թիվ 56 դպրոցում ազդարարվեց ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության համատեղ մշակած կրթական խաղի մեկնարկը: Իրադարձությանը մասնակցեցին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն տեր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը և այլք:

Նոր խաղի միջոցով ցանկացողները կծանոթանան ՀՀ Սահմանադրությանը, ՀՀ-ում առկա օրենքներին, բանակում գործող օրենսդրական կարգին և իրավական կանոնակարգերին, կճանաչեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքները: Խաղի մեկնարկն ազզդարարվեց տերունական աղոթքով:

«Dasaran» կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը կարևորեց այն փաստը, որ խաղի մեկնարկը տրվեց նման ներկայացուցչական կազմով:

«Սեփական իրավունքները ճանաչող քաղաքացին պետության հիմնաքարն է: Շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ դեսպանությանը և ՀՀ ՊՆ-ին՝ աջակցության համար: Խաղն ստեղծված է աշակերտների և ՀՀ քաղաքացիների համար, այն միտված է ավելի լավ քաղաքացի և մարդ դաստիրակելուն»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սուրեն Ալոյանը:

Նրա խոսքով՝ խաղի նախնական՝ բետա տարբերակը գործարկվել է երեք շաբաթ առաջ, և արդեն 120 հազար մարդ, ներառյալ աշակերտներ, խաղացել են այն: Սուրեն Ալոյանը հույս հայտնեց, որ կշարունակեն համագործակցել դեսպանության և նախարարության հետ:  

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շնորհակալություն հայտնեց կրթական ծրագիրն իրականացնողներին:

«Կարելի ասել,  որ յուրաքանչյուրի սրտից է բխում նման խաղը: Կրթված, իրազեկված յուրքանչյուր անձնավորություն մեր պետականաշինության հիմքում պետք է լինի:

Այս խաղի և՛ կազմակերպումը, և՛ ընթացքն, անկասկած, մեր գերատեսչության յուրաքանչյուր զինվորի համար է օգտակար: Մարդու իրավունքներին տիրապետելը գերակա խնդիրներից մեկն է: Մենք առանձնանում ենք այլ բանակներից, մարդակենտրոն բանակ կառուցելու աշխատանք ենք տանում: Յուրաքանչյուր զինվոր անհատականություն է, որից կախված է բանակի ծառայությունը»,-նշեց նա:

Նախարարն ընդգծեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացուն է անհրաժեշտ այն թեմաների իմացութունը, որոնք ներառված են այս խաղի մեջ, և սա մեծ աջակցություն բանակին:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն էլ նշեց, որ դեսպանությունն աջակցել է այս նախաձեռնությանը ժողովրդավարությանն ուղղված դրամաշնորհների շրջանակում:

«Դեսպան լինելու լավ կողմերից մեկն այն է, որ կարողանում եմ դուրս գալ սենյակից և շփվել Հայաստանի քաղաքացիների, հատկապես՝ երեխաների հետ: Ես խոսեցի երեխաների հետ, որոնք գործածում են խաղը. մի տեսակ ընկճվեցի, տեսնելով, թե փոքրիկներն ինչքան լավ են օգգտվում համակարգչից: Այս երեխաները Հայաստանի ապագան են: Այդ ապագան շատ բանով կախված է նրանից, թե որքանով են նրանք հասկանում իրավունքներն ու պարտականությունները: Այս աշխատանքը , որն իրականացվել է, կարծում եմ կօգնի հայ աշակերտներին, որ լավ հասկանան իրենց իրավունքներն ու պարտականությունները»,-նշեց նա:

Ինչպես նախորդ խաղերի, այնպես էլ այս խաղի պարագայում մեծապես կարևորվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը, որն առավել հզոր ազդակ կդառնա այդ նույն տեխնոլոգիաների նպատակային օգտագործման և միևնույն ժամանակ տեղեկատվության ընդլայնման համար:

«Ես գիտեմ…» ինտելեկտուալ-կրթական խաղը բաղկացած է 5 հիմնական բաժնից՝ ՀՀ սահմանադրական իրավունք, ՀՀ ՄԻՊ-ի մասին օրենքներ, ՀՀ օրենքներ երեխայի իրավունքների մասին, ՀՀ զինվորական օրենսդրություն, ՀՀ քրեական օրենսգիրք:

Այս բաժինների ընտրությունը պատահական չէ, քանի որ դրանք համապարփակ և համակողմանի գիտելիքներ կհաղորդեն աշակերտին առհասարակ մարդու իրավունքների և մասնավորապես ՀՀ իրավական դաշտի վերաբերյալ:

Ի թիվս «Dasaran» կրթական ծրագրի մշակած 42 խաղի՝ այս խաղի ստեղծման հիմքում ևս այն համոզմունքն է, որ խաղային տարբերակով ուսուցումը կդարձնի կրթական գործընթացն առավել հետաքրքիր և հաճելի, ինչն էլ իր հերթին կնպաստի գիտակից և կիրթ սերունդ ունենալուն:

Dasaran.am կրթական ծրագիրը 2009 թվականից տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով նպաստում է Հայաստանում կրթության արդիականացմանն ու որակի բարձրացմանը, ծնող-ուսուցիչ-աշակերտ կապի ամրապնդմանը, ինչպես նաև թափանցիկ գնահատման և վերահսկման համակարգերի ներդրման միջոցով կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Ծրագիրը գործում է ՀՀ բոլոր դպրոցներում` ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Ծրագրին միացել են նաև Արցախի դպրոցները

ՀՀ ՊՆ, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, «Dasaran» կրթական ծրագրի և «Նոր սերնդի դպրոց» ՀԿ համատեղ մշակած կրթական խաղի մեկնարկի հանդիսավոր արարողությունը: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am