Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը նշում է հիմնադրման 85-ամյակը

Armenpress 21:16, 8 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի հիմնադրման 85-ամյակի կապակցությամբ մայիսի 5-23-ը տարբեր մշակութային հաստատություններում անցկացվում են համերգներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգաշար և գալա-համերգ:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցը հիմնադրվել է 1929 թվականին: Դպրոցն իր գոյության 85 տարիների ընթացքում տվել է շուրջ 10 հազար շրջանավարտ, որոնց թվում՝ Խորհրդային Միության և ՀՀ ժողովրդական և վաստակավոր արտիստներ, միջազգային և հանրապետական մրցույթների բազմաթիվ դափնեկիրներ, հայ կատարողական արվեստի անվանի դեմքեր:

Դպրոցի 1-ին շրջանավարտներն էին հայ երաժշտարվեստի ականավոր գործիչներ, աշխարահռչակ կոմպոզիտորներ, հայ ազգային երաժշտությունը աշխարհին ներկայացնող Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Էդգար Հովհաննիսյանը, Ղազարոս Սարյանը, ովքեր հետագայում արժանացան ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը:

Դպրոցի շրջանավարտներից են ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռոբերտ Ամիրխանյանը և վաստակավոր արտիստ Զեմֆիրա Բարսեղյանը:

Դպրոցը տվել է 17 անվանի կոմպոզիտորներ, այդ թվում` Գագիկ Հովունց, Ադամ Խուդոյան, Ալեքսանդր Աճեմյան, Ջիվան Տեր-Թադևոսյան և այլոք: Շրջանավարտներից շատերը համալրել են հանրապետության ճանաչված երաժշտական կոլեկտիվները, դասավանդում են Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, հանրապետության և մայրաքաղաքի երաժշտական ուսումնարաններում, արվեստի և երաժշտական դպրոցներում:

Դպրոցի այդ ավանդույթը փոխանցվել է սերնդեսերունդ, և տարեցտարի լավագույն երաժիշտների շարքերը համալրվել են նոր անուններով՝ դաշնակահարներ Վահան Մարտիրոսյան, Վարդան Մամիկոնյան, Լիլիթ Գրիգորյան, սաքսոֆոնահար՝ Առաքել Հայրապետյան:

Շրջանավարտների նոր սերունդը շարունակում է զարգացնել հայ երաժշտարվեստը՝ այն իր լավագույն դրսևորումներով ներկայացնելու աշխարհին. նրանց թվում են դաշնակահարներ Ժորա Սարգսյանը, Անահիտ Դիլբարյանը, Սպարտակ Մարգարյանը, Լևոն Ավագյանը, Արմեն Մանասարյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ՝ Մերի Խոջոյանը, Տաթև Ֆրանգուլյանը, սաքսոֆոնահար՝ Էդվարդ Ներսիսյանը, կլարնետահար՝ Մհեր Մնացականյանը:

Իրենց կատարողական վարպետությամբ և վառ անհատականությամբ հետ չեն մնում դպրոցի նորօրյա շրջանավարտները և դեռևս դպրոցը չավարտած պատանի երաժիշտները. դաշնակահարներ Գայանե Ասլանյանը, Անի Բոտսանչյանը, սաքսոֆոնահար Արամ Պողոսյանը, քանոնահար Էթերի Հովհաննիսյանը և այլոք:

Դպրոցի շրջանավարտներից  դաշնակահարներ Լիլիթ Գրիգորյանը, Արմեն Մանասյանը, Լևոն Կարապետյանը, Ժորա Սարգսյանը և սաքսոֆոնահար Էդուարդ Ներսիսյանը, տարբեր տարիների արժանացել են Հայաստանի Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակին:

Դաշնակահարներ Ժորա Սարգսյանը և Լիլիթ Գրիգորյանն Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթի դափնեկիրներ են:

Այսօր դպրոցում սովորում է շուրջ 950 աշակերտ: Դպրոցն ունի հինգ՝ դաշնամուրային, լարային նվագարանների, փողային նվագարանների, ազգային նվագարանների և վոկալ բաժիններ: Դպրոցում գործում է կամերային նվագախումբ, ջազ-նվագախումբ, 3 երգչախումբ՝  տարիքային երեք տարբեր խմբերի համար, ջութակահարների 2, թավջութակահարների, քանոնահարների և փողային նվագարանների համույթներ:

Դպրոցի լավագույն սաներն ընդգրկված են «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման», «Նոր  անուններ» և «Կամերտոն» ծրագրերում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am