1000х90.jpg (78 KB)

«Genealogy» խմբի անդամները «Եվրատեսիլ 2015»-ում պատրաստ են ցնցել բեմը

Armenpress 18:19, 6 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խումբը դեմ չի լինի շարունակել համագործակցությունը և նոր երգեր ստեղծել: Խմբի անդամներից Վահե Թիլբյանն այս մասին նշեց մայիսի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում «Genealogy»-ի և բուհի ուսանողների հետ հանդիպման ժամանակ: «Եվրատեսիլ 2015»-ի պատվիրակներն ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրին իրենց ընտանիքների պատմությունն՝ այն համեմելով կատակներով ու հումորով:

«Genealogy»-ի  անդամ Եսայի Ալթունյանն ընդգծեց, որ շատ է ճամփորդում, շատ համալսարանների ուսանողների հանդիպում, բայց տպավորված է հայի աչքերով: Նա խորհուրդ տվեց երիտասարդներին պահել լույսն իրենց աչքերում:

«Իմ մայրիկը երաժիշտ է, ինձ երգերի ներքո է օրորել: Նա ինձ երեք տարեկանից դաշնամուր նվագել է սովորեցրել: 15 տարեկանում ես գիտեի արդեն, որ երաժիշտ եմ ուզում դառնալ: Ուրախ եմ այս նախագծին մասնակցելու և իմ նոր ընտանիքի հետ հանդես գալու համար: Միասին «Genealogy»-ի հետ մենք պատրաստ ենք ցնցել բեմը: Մենք վեցով չենք բեմում լինելու, 10 միլիոն հայեր են լինելու բեմում մեզ հետ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Եսայի Ալթունյանը՝ խոստանալով տպավորել բոլորին:

Խմբի անդամ Ինգա Արշակյանն էլ պատմեց իր և քրոջ՝ Անուշի առաջին բեմելի և Երգի պետական թատրոնում հայտնվելու մասին: Նրա խոսքով՝ «Genealogy»-ում փորձում են մատուցել մեր դարավոր մշակույթի փոքրիկ մասը: Երգչուհին հավաստեց, որ «Genealogy»-ում լինելն իր համար կարծես երազ լինի:

Վահե Թիլբյանն էլ տեղեկացրեց, որ իր ամբողջ կյանքում երգել է: «Ես ցանկանում էի դառնալ բժիշկ: Երբեմն օգտագործում եմ այդ գիտելիքները: Կարծում եմ, որ կրթությունը շատ կարևոր է, որքան կարողանում եմ՝ կրթվում եմ»,- շեշտեց նա:   

Ստեֆանի Թոփալյանն իր խոսքում ընդգծեց, որ ինքը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ճապոնացի, ու տպավորված է նրանից, որ Հայաստանում խոսում են նաև ճապոներեն:

««Genealogy»-ն բեմում լավագույնս է ներկայանալու: Մենք մեր երգով խաղաղության և սիրո հաղորդագրություն ենք ուղարկելու»,- նշեց Ստեֆանի Թոփալյանը: Հանդիպման ընթացքում պարզվեց, որ երգչուհին տոլմա և սուշի է սիրում, և հաճախ խառնում է դրանք: «Ամեն օր ավելի ու ավելի եմ սիրահարվում Հայաստանին, կցանկանայի ապրել այստեղ»,- ասաց նա:

Երգչուհի Մերի-Ջին Օ'Դոհերթի Վասմաթզյանն էլ նկատեց, որ Հայաստանում շատ մեծ սեր է զգում, և «Genealogy»-ի անդամներն իր նոր ընտանիքի մասն են: Հանդիպմանը ներկա չէր խմբի մյուս անդամ Թամար Կապրելյանը, ով այժմ Կոլումբիայի համալսարանում քննություններ է հանձնում:

Հանդիպման ընթացքում ամերիկյան համալսարանի ուսանողները հանդես եկան գեղարվեստական համարներով: Երգեցին նաև «Genealogy»-ի անդամները: Ուսանողները նաև երգիչներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցան: Վահե Թիլբյանին ուսանողներից մեկը սալսա պարել առաջարկեց, իսկ Եսայի Ալթունյանին խնդրեցին ֆրանսերենով արտասանել «կրուասան» բառը:

«Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում հայաստանյան ներկայացուցիչ «Genealogy» խումբը ելույթ կունենա երկու համարի ներքո: Առաջին կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 19-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում: Մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 23-ին: Մրցույթը կանցկացվի Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հայաստանը կներկայացնի «Genealogy» խումբը՝ «Face The Shadow» (թարգմանաբար` Առերեսվի՛ր ստվերին) խորագրի ներքո: Այս տարվա համար ընտրված խորագիրը խորհրդանշում է Եվրոպան, որը միավորում է բոլորին. մրցույթի կազմակերպիչները կարծում են, որ Եվրատեսիլի միջոցով համախմբվում են մշակույթներ, լեզուներ` կառուցելով կամուրջներ: Այս տարի մրցույթին կմասնակցեն 40 երկրներ: 

«Եվրատեսիլ»-ի ներկայացուցիչները հանդիպեցին Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ: Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am