1000х90.jpg (78 KB)

ԵԽ պատգամավորներին զարմացնում է ԼՂՀ ընտրությունները չճանաչող երկրների դիրքորոշումը

Armenpress 20:24, 4 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած ԵԽ պատգամավորներին զարմացնում է ԼՂՀ ընտրությունները չճանաչող երկրների դիրքորոշումը: «Ես զարմանում եմ՝ ինչպես կարելի է չճանաչել նման կատարյալ կերպով կազմակերպված ընտրությունները: Ծիծաղելի է, որ որոշ երկրներ և կազմակերպություններ չեն ընդունում այս ընտրությունները նրա համար, որ պետությունը չի ճանաչվել մեծամասնության կողմից: Մարդիկ, ովքեր տեսել են այդ ընտրությունները, պաշտոնական ճանաչման կարիք չունեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նման տեսակետ հայտնեց ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը: Նրա խոսքով՝ արցախցիները ճիշտ են վարվել՝ իրենց ձայնը բարձրացնելով հստակ, ժողովրդավարական,  թափանցիկ, ազատ և արդար ձևով:

Դիտորդական առաքելությանը աջակցած, «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար  Էդուարդո Լորենցո Օչոան էլ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսին նշեց, որ դա առաջին հերթին նման դիրքորոշում ունեցող երկրների խնդիրն է: «Առավել կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կարգապահորեն օգտվում է իր ժողովրդավարական իրավունքներից՝ ընտրելով այն մարդկանց, ովքեր ցանկանում են, որ իրենց ներկայացնեն հաջորդ հինգ տարիներին»,- ընդգծեց նա:

Օչոան ողջունեց ԵԱՀԿ-ի հայտարարությունը մայիսի 3-ի ընտրությունների  առնչությամբ՝ դրանք անվանելով թեև «երկչոտ, սակայն նշանակալի քայլ»:

Նախնական տվյալներով` մայիսի 3-ին Արցախի խորհրդարանական ընտրություններում համամասնական ընտրակարգով հինգ տոկոսի շեմը հաղթահարել է առաջադրված 7 կուսակցություններից 5-ը: ԼՂՀ ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի փոխանցմամբ, առավելագույն ձայն ստացել է «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Ներկայիս իշխող կուսակցությունը ստացել է 32 հազար 632 ձայն կամ ընդհանուր ձայների 47,35 տոկոսը: Ազգային ժողովրդավարական կուսակցության օգտին քվեարկել է 13 հազար 105 մարդ կամ ընդհանուր թվի 19.1 տոկոսը, «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը երրորդն է: Դաշնակցության օգտին քվեարկել է 12 հազար 965 մարդ կամ ընդհանուր թվի 18,81 տոկոսը: «Շարժում 88» կուսակցությունը ստացել է 4 հազար 777 քվե կամ 6,93 տոկոս, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստացել է 3 հազար 709 քվե կամ 5,38 տոկոս: 5 տոկոսի շեմը չեն հաղթահարել ԼՂՀ կումունիստական կուսակցությունն ու «Խաղաղություն եւ զարգացումը»:

Մայիսի 3-ին Արցախում վեցերորդ անգամ խորհրդարանի կազմ են ընտրել: Ընտրություններին մասնակցությունը կազմել է 70,6 տոկոս: 

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am