Երևանում բացվեց բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան

Armenpress 20:42, 30 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Վահագն Դավթյանի անվան այգում բացվեց բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձան: Հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հուշարձանի հեղինակներ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, պետերբուրգցի ճարտարապետ Վլադիսլավ Մանաչինսկին, 1941-1945թթ. Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ և այլոք:

«Այս հուշարձանը յուրօրինակ նվեր է Հայաստանին, քանի որ Ձեր երկիրը Հայրենական Մեծ պատերազմի դժնդակ օրերին օգնության ձեռք է մեկնել բլոկադային Լենինգրադի  երեխաներին: Լենինգրադի մանկատներից բազմաթիվ երեխաներ իրենց երկրորդ տունն են գտել հենց Հայաստանում: Բացի այդ, մենք այս իրադարձության վերաբերյալ պատմական որոշ փաստաթղթեր կնվիրաբերենք Երևանի քաղաքային թանգարանին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն և հավելեց, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Լենինգրադից Հայաստան էր տեղափոխվել ավելի քան 200 երեխա:

Վահագն Դավթյանի անվան այգում Բլոկադային Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանի բացումը: Լուսանկարները` Ֆելիքս Առուստամյանի

Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը նկատեց, որ վերը նշված հուշարձանի բացումը խորհրդանշական բնույթ է կրում, քանի որ առջևում Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակն է: «Հուշարձանը ձուլված է Սանկտ Պետերբուրգում` Հայաստանից բերված սև գրանիտից: Երբ մենք հուշարձանի նախնական տարբերակը ներկայացրեցինք համապատասխան հանձնաժողովի քննարկմանը, այն միանգամից ընդունվեց, քանի որ բլոկադային Լենինգրադի երեխային գրկած հայ կնոջ կերպարով հուշարձանը շատ խորը տպավորություն թողեց վերը նշված հանձնաժողովի նույնիսկ ամենախստապահանջ անդամների վրա»,- ընդգծեց նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am