Եզդի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված աշխարհում առաջին հուշարձանը կբացվի Երևանում

Armenpress 17:03, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը կբացվի Հայաստանում: Ապրիլի 21-ին` ժամը 12:00-ին, Երևանում տեղի կունենա եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Այս մասին ապրիլի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Մեդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորման ՀԿ նախագահ Ամո Շարոյանը: «Պետք է հայտնեմ, որ հուշարձան-կոթողը, որի բացումը վաղը տեղի կունենա, կլինի եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանն աշխարհում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց նա:

Նա հայտնեց, որ հուշարձան-կոթողը կառուցվել է բարերար Ռաշիդ Շամոյանի ընտանիքի միջոցներով, ինչպես նաև ՀՀ ղեկավարության անմիջական աջակցությամբ: «Հուշարձան-կոթողի բացումը պատմական է հայաստանցիների, ինչպես նաև եզդիների համար, որովհետև, ինչպես ասացի, այն առաջինն է, որը նվիրվում է եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին: Այն պետք է ուղերձ լինի աշխարհին, որ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը և այլևս թույլ չտալ ոչ մի ցեղասպանություն»,- ընդգծեց Շարոյանը:

Նա Թուրքիայի ղեկավարության կոչ արեց հաշտվել սեփական պատմության հետ և ճանաչել հայ և մյուս ժողովուրդների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Բարերար Ռաշիդ Շամոյանն էլ իր ուրախությունը հայտնեց, որ Հայաստանում բացվելու է եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակին նվիրված առաջին հուշարձանը: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովը ժամանակի ընթացքում համապատասխան հայտարարությամբ կդատապարտի Օսմանյան Թուրքիայում եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Եզդի ժողովրդի անմեղ զոհերին նվիրված հուշարձան-կոթողը կբացվի Երևանի օղակաձև զբոսայգու հարևանությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am