«Բացահայտենք Երևանը» բազմալեզու էլեկտրոնային գիրքը շուտով հասանելի կլինի տարբեր կրիչների վրա

Armenpress 21:05, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բացահայտենք Երևանը» նոր էլեկտրոնային գիրքը շուտով  հնարավորություն կտա Երևանի այցելուներին և զբոսաշրջիկներին մանրամասն ծանոթանալ մայրաքաղաքի և դրան հարող շրջակա տարածքների հետ: Այս մասին ապրիլի 1-ին էլեկտրոնային գրքի շնորհանդեսի ժամանակ տեղեկացրեց Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) հիմնադիր և համանախագահ Երվանդ Զորյանը:

Անվճար ներբեռնման հնարավորությամբ Էլեկտրոնային գիրքը կիրառելի է  ինչպես համակարգիչների, այնպես էլ հեռախոսների և պլանշետների վրա: Այն հասանելի կլինի յոթ լեզուներով՝ անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն, արևելահայերեն և արևմտահայերեն, ինչպես նաև թուրքերեն:

«Գիրքը առաջարկում է Երևանով զբոսանքի վեց երթուղիներ`  ներկայացնելով մայրաքաղաքի ուրարտական, պարսկական և ռուսական շրջանների պատմությունը, ինչպես նաև այցելություն կառաջարկի  երևանամերձ զբոսաշրջային և պատմամշակութային արժեք ունեցող վայրեր», - նշեց Երվանդ Զորյանը:

Մեկօրյա փոքրիկ շրջայցներից մինչև մշակութային տոնակատարություններ և սոցիալական միջոցառումներ ներկայացնող էլեկտրոնային ուղեցույցն խոստանում է տրամադրել ծրագրերի բազմազանություն և դրանցից օգտվելու դյուրին ճանապարհներ: 

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) եւ Երեւանի քաղաքապետարանի ջանքերով հրատարակված «Բացահայտենք Երեւանը» էլեկտրոնային գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 88-րդ Ընդհանուր ժողովի շրջանակում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am