1000х90.jpg (78 KB)

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Լեհաստանը կունենա նշանակալից ներկայացվածություն. Եժի Մարեկ Նովակովսկի

Armenpress 11:19, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհերը կիսում են հայ ժողովրդի մեծագույն ցավը եւ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Լեհաստանը կներկայանա բարձրաստիճան պատվիրակությամբ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին: Հայաստանում արդեն երեք ամիս դիվանագիտական գործունեություն իրականացնող Նովակովսկին անդրադառնում է նաեւ հայ-լեհական հարաբերություններին եւ խոստովանում, թե ինչ բացահայտումներ է կատարել Հայաստանում:

-Պարոն դեսպան, ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում:

-Հայաստանում ինձ շատ լավ եմ ինձ զգում: Հայաստանը շատ հետաքրքրական երկիր է թե՛ քաղաքական, թե՛ զբոսաշրջության առումով, եւ ես չեմ պատկերացնում այլ վայր, որն ավելի հետաքրքրական կլիներ, քան Հայաստանը:

-Որեւէ նորույթ հասցրե՞լ եք բացահայտել:

-Ամեն անգամ ինչ-որ նոր բան եմ բացահայտում, քանի որ դեռ սովորում եմ երկրին: Իհարկե, տեսարժան վայրերը ինձ համար բացահայտում չեն, քանի որ մենք գիտեինք դրանց մասին: Ինձ համար բացահայտումը մարդիկ են: Հանդիպել եմ այնպիսի մարդկանց, գործիչների, ովքեր աշխարհը դիտում են ոչ թե որպես փոքր երկիր, այլ նրանք աշխարհի քաղաքացիներ են: Դա բացահայտումներից մեկն է: Հետաքրքրական հանգամանք է նաեւ այն, որ հայերի մաշկի գույնը շատ դեպքերում ավելի բաց է, քան շատ եվրոպացիներինը:

-Եկեք խոսենք հայ-լեհական հարաբերություններից: Որո՞նք են Ձեր գործունեության առաջնահերթություններն այս համատեքստում:

-Ես կցանկանայի տարբերակում մտցնել հայ-լեհական եւ Հայաստան-Լեհաստան հարաբերությունների միջեւ: Խոսելով միջպետական հարաբերությունների մասին` կցանկանայի նշել տնտեսական բնագավառում համագործակցության ակտիվացման մասին: Օրեցօր ավելի շատ լեհական ընկերություններ են հետաքրքրվում Հայաստանում ներդրումներ կատարելու համար: Ինձ ուրախացնում է այն հանգամանքը, որ բազմաթիվ հայկական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում Լեհաստանում ներդրում կատարելու համար: Սա գործընկերային փոխանակում է: Երկրորդ հանգամանքը միջպետական հարաբերություններում Լեհաստանի օգնությունն է` Հայաստանը ԵՄ-ին մոտեցնելու հարցում: Լեհաստանը ԱլԳ ծրագրի համահեղինակներից է եւ Ռիգայում կայանալիք գագաթնաժողովին կփորձի Հայաստանը մոտեցնել Եվրամիությանը քաղաքական առումով: Երրորդ տարրը մշակութային համագործակցությունն է: Մենք իրականացնում ենք ցուցահանդեսների, արվեստագետների փոխանակում, եւ այս համագործակցությունը կարելի է դասակարգել հարաբերությունների երկրորդ տեսակին` հայ-լեհականին: Պետք է նշել, որ հայ-լեհական հարաբերությունները շատ ջերմ են: Այդ ջերմության հիմքը Լեհաստանում գտնվող հայկական սփյուռքն է: Լեհաստանում հայ բժիշկների, ձեռներեցների կարելի է հանդիպել, Լեհաստանի բուհերում շատ հայ ուսանողներ կան: Լեհերը հայերի հանդեպ դրական վերաբերմունք եւ ընկալում ունեն: Իհարկե Լեհաստանում զարմանալիորեն շատ գիտեն Հայաստանի մասին: Գտնում եմ, որ դա շատ մեծ հնարավորություն է զբոսաշրջիկների փոխանակման առումով,  որպեսզի նպաստենք լեհ զբոսաշրջիկների թվի աճին: Ինչպես գիտենք, Երեւան-Վարշավա ուղիղ չվերթներ են գործում եւ այս շաբաթվանից շաբաթական չորս չվերթ է լինելու, ինչը կնպաստի լեհ զբոսաշրջիկների աճին: Ես հուսով եմ, որ շատ հայեր կցանկանան այցելել Լեհաստան, գոնե զգալու այն սառը օդը, որ տիրում է Լեհաստանում եւ որոշ ժամանակով ազատվելու հայկական շոգից:

-Պարոն դեսպան, 2015թ. Հայաստանի համար յուրահատուկ կարեւորության տարի է եւ մենք ոգեկոչելու ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Ունե՞ք կոչ ողղված հայերին:

-Ես չեմ այն իրավասու անձը, ով պետք է այդ կոչով հանդես գա: Լեհաստանի ավելի բարձր պաշտոնյաներ այդ հարցով իրենց կոչը կհայտնեն եւ կդիմեն հայ ժողովրդին: Ինչ վերաբերում է Լեհաստանի դիրքորոշմանը, ապա Լեհաստանն այն հայտնել է տասը տարի առաջ Սեյմի որոշմամբ եւ մենք կլսենք համերշախության ու հոգեպես մոտ լինելու վերաբերյալ բարձրատսիճան այրերի կոչը ուղղված հայ ժողովրդին: Լեհաստանը ողբերգական փորձ ունի երկրորդ համաշխարհային պատերազմից: Խորհրդային եւ հիտլերյան ամբողջատիրական կարգերի հետեւանքով միլիոնավոր լեհեր զոհ գնացին: Այդ տարիներին միլիոնավոր հրեաներ էլ զոհ գնացին եւ այդ առնչությամբ մենք առանձնահատուկ վերաբերմունք ունենք ցեղասպանության վերաբերյալ:

-Ասացիք, որ Լեհաստանի բարձրաստիճան այրերը կոչ կհնչեն հայ ժողովրդին: Նախատեսվո՞ւմ է, որ այդ կոչը հնչի հենց Ծիծեռնակաբերդում:

-Ես տեղյակ չեմ, թե հիշատակի միջոցառումն ինչպես է կազմակերպված լինելու, արդյոք հնարավոր կլինի այնտեղ հայտարարություն անել, սակայն նրանք, ովքեր հանդես կգան զանգվածային լրատվամիջոցների առջեւ, հանրային կերպով ելույթ կունենան` դա արդեն դիմելու ձեւ է հայ ժողովրդին:

-Հարցս ավելի հստակեցնեմ: Լեհաստանի պետական ղեկավարությունն ապրիլի 24-ին ներկա կգտնվի՞ ոգեկոչման արարողությանը:

-Ես կարտահայտվեմ այնպես, ինչպես իմ գործընկերներից շատերը: Առայժմ հստակեցված չէ պետական պատվիրակության կազմը: Պարզապես տարելիցի միջոցառումները համընկնում են Լեհաստանում ընտրարշավի հետ, եւ ես կօգտագործեմ ԱՄՆ իմ գործընկերոջ ձեւակերպումը, որ ոգեկոչման արարողությանը նշանակալից ներկայացուցչություն կլինի:

-Լեհաստանը միշտ բարձր է գնահատել Հայաստանի նախաձեռնությունը` հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Այսօր ինչպե՞ս եք գնահատում այդ հարաբերությունների ապագան:

-Մի փոքր տխուր եմ այն առումով, որ գործընթացը առաջընթաց չի գրանցում, սահմանը փակ է, եւ քայլեր չեն ձեռնարկվում այդ ուղղությամբ: Համաձայնության գալու առնչությամբ նույնպես տեղաշարժ չկա: Թուրքիան եւ Հայաստանը մեր լավ գործընկերներն են եւ մենք պատրաստակամություն ենք հայտնում մեր աջակցությունը ցույց տալ եւ կիսվել հարաբերությունների հաստատման հարցում մեր ունեցած փորձով ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի հետ:

-Չե՞ք կարծում, որ Թուրքիայի վերջին նախաձեռնությունը` Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակի տարեդարձի օրը տեղափոխել եւ նշել ապրիլի 24-ին, ապացուցում է, որ Թուրքիան պատրաստ չէ նորմալ հարաբերությունների հաստատմանը:

-Իմ խնդիրը չէ գնահատել Թուրքիայի քաղաքականությունը: Տեղին չէ որեւէ գնահատական տալը, քանի որ դիվանագետի առաքելությունը ճիշտ, սխալ կամ տեղին քայլեր որոշելը չէ, դատավորի դերում հանդես գալը չէ: Մենք հնարավորինս ամեն ինչ անում ենք` ելքեր գտնելու համար:

-Թուրքիայի նախագահը բազմաթիվ երկրների նախագահների է հրավիրել մասնակցելու Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարութւանը: Լեհաստանը բարձրաստիճան ներկայացուցչություն կունենա՞ այդ տոնակատարությանը:

-Քանի որ Լեհաստանը ներգրավված չի եղել այդ մարտերում, չեմ կարծում, որ հետաքրրված լինենք այնտեղ ներկայությամբ, ինչպես Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կամ Ավստրալիայի պարագայում:

Հարցազրույցը` Հասմիկ Հարությունյանի



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am