1000х90.jpg (78 KB)

Կանայք, ովքեր ղեկավարում են աշխարհը. 18 գործող կին ղեկավարները

Armenpress 14:51, 8 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանայք ղեկավարել են պետություններ դեռևս վաղնջական ժամանակներից, սակայն, 20-րդ դարից սկսած, նրանց թիվը սկսեց կտրուկ աճել: Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Արմենպրես»-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում աշխարհի 18 երկրների գործող կին ղեկավարներին:

Անգելա  Մերկել

2005 թվականին «Տեֆտոնական երկաթյա լեդին» հանդիսանում է Գերմանիայի առաջին կին կանցլերը: Երկու տարի անց նա դարձավ Մարգարետ Թետչերից հետո Եվրախորհրդի երկրորդ կին նախագահը: 2011թվականին «Forbes» ամսագիրը նրան ճանաչել է աշխարհի ամենաազդեցիկ կին և, հիրավի, «Եվրամիության» իսկական առաջնորդ:

 

Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշներ

Արգենտինայի նախագահ Նեստոր Կիրշների այրին նրա մահից հետո առաջադրեց իր թեկնածությունը 2007թվականի նախագահական ընտրություններում: Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշները դարձավ համաժողովրդական քվեարկությամբ ընտրված ու հետագայում վերընտրված Արգենտինայի առաջին կին նախագահը։

Դիլմա Ռուսեֆ

Բրազիլիան որոշել է հետ չընկնել իր հարևաններից: Դիլմա Ռուսեֆը դեռևս 1970-ական թվականներից պարտիզանների շարքերում պայքարում էր ընդդեմ ռազմական դիկտատուրայի, ինչի համար ենթարկվել է տանջանքների և բանտային կալանքի: Սակայն, դա չկոտրեց Դիլմայի ոգին և նա շարունակեց պայքարը ժողովրդավար Բրազիլիայի համար: Նա երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2011թվականից:

Ատիֆետե Յախյագա

Մի շարք երկրների կողմից ճանաչված Կոսովոյի նախագահ Ատիֆետե Յախյագան  Բալկանների պատմության մեջ առաջին կին նախագահն է: Մինչև 2011 թվականի ապրիլին երկրի ղեկավար ընտրվելը, նա եղել է Կոսովոյի ոստիկանության գլխավոր տնօրենի տեղակալ`գեներալ-մայորի կոչումով:

Խելլե Տորնինգ-Շմիտ 

Խելլե Տորնինգ-Շմիտը Դանիայի պատմության մեջ առաջին կին նախագահ է ընտրվել 2011թ. հոկտեմբերին։ 2005 թվականին նա գլխավորել է Դանիայի սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, որից հետո նրա քաղաքական կարիերան սկսեց վերելք ապրել:

Էլեն Ջոնսոն-Սերլիֆ

Աֆրիկյան մայրցամաքի առաջին կին նախագահը Լիբերիայի նախագահ է ընտրվել 2006 թվականին, վերընտրվել է 2011թվականին: 2011 թվականին Էլեն Ջոնսոն-Սերլիֆը,  Լայմա Գբովինի և Տավակուլ Կարմանի հետ համատեղ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել։

Դալյա Գրիբաուսկայտե

Լիտվայի «երկաթյա լեդին» երկրի առաջին կին նախագահն է (2009 թվականի հուլիսից): Նա տիրապետում է անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի և չեխերենի: Բացի այդ, նա ունի կարատեի սև գոտի:

Պորշիյա Սիմպսոն-Միլլեր

Պորշիյա Սիմպսոն-Միլլերն առաջին անգամ վարչապետ էր դարձել  2006 թվականին, երբ իր կուսակցությունը հաղթեց պառլամենտական ընտրություններում։  Հանդիսանալով Ջամայկայի առաջին կին վարչապետը, նա 2012 թվականի հունվարից երկրորդ անգամ է զբաղեցնում իր պաշտոնը։ 2011թվականին Time ամսագիրը նրան ներառել է աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանցից ցուցակի մեջ։

Շեյխ Խասինա Վազեդ 

Շեյխ Խասինան անկախացած Բանգլադեշի առաջին ղեկավար «ազգի հայր» Շեյխ Մուդժիբուրա Ռախմանիի աղջիկն է: Նա իր քաղաքական գործունեությունը ծավալել է դեռևս 1960-ական թվականներին` մասնակցելով ուսանողական հանրահավաքներին և Բանգլադեշի անկախության համար մղվող պատերազմին: Այժմ նա գլխավորում է իր հոր ձախակենտրոն «Լիգա Ավամի» կուսակցությունը: Առաջին անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 1996-2001թվականներին, իսկ 2008 թվականի ընտրություններում, իր կուսակցության հաղթանակից հետո, երկրորդ անգամ դարձավ վարչապետ:

Պակ Կին Խե

Հարավային Կորեան 18 տարի ղեկավարել է Պակ Կին Խեի հայրը` Պակ Չոն Խին: Նրա մորը սպանել էին իր հոր վրա կատարված մահափորձի ժամանակ, իսկ 5 տարի անց մարդասպանները սպանել են նաև Պակ Չոն Խինին: Սակայն այս ողբերգական իրադարձությունները չկոտրեցին այս կնոջ ուժեղ կամքը։ 2013թվականից նա ղեկավարում է տնտեսության մասշտաբներով աշխարհի 15-րդ երկիրը:

Տատյանա  Տուրանսկայա

Մինչև չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության վարչապետ նշանակվելը (2013թվականի հուլիս), Տատյանան գլխավորել է Ռիբնիցա քաղաքի և Ռիբնիցայի շրջանի վարչակազմը, որից հետո նշանակվել է տարածաշրջանային  զարգացման գծով վարչապետի տեղակալ:

Էռնա  Սոլբերգ

Քաղաքագետ, սոցիոլոգ և դաշնակահարուհի Էռնան «Պահպանողական» կուսակցության անդամ է դարձել դեռևս վաղ տարիքից: 1989 թվականից նա նորվեգական խորհրդարանի անդամ է: 2013 թվականի սեպտեմբերին կայացած պառլամենտական ընտրություններում չորս կուսակցություններից կազմված միավորումը ստացել է ձայների մեծամասնությունը, ինչի արդյունքում հոկտեմբերի 16-ին Էռնա Սոլբերգը ստանձնեց վարչապետի պաշտոնը:

Լայմդոտա Ստրայումա

Գյուղատնտեսական ոլորտի փորձագետ և մաթեմատիկոս Լայմդոտան երկար տարիներ աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում` զբաղեցնելով գրեթե բոլոր կարևոր պաշտոնները։ 2011 թվականին նա նշանակվել է Լատվիայի գյուղատնտեսության նախարար: 2014 թվականին Լատվիայի Սեյմը հաստատեց Լայմդոտա Ստրայումային վարչապետի պաշտոնում:

Կատրին Սամբա-Պանզա

Հարավաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիի քաղաքապետ, մասնագիտությամբ իրավաբան Կատրինը երկրի ժամանակավոր նախագահ է ընտրվել 2014 թվականի հունվարին: Այդ պաշտոնում նա  պետք է կարգ ու կանոն հաստատի պետությունում (ՀԱՀ-ում արյունալի բախումներ էին ընթանում զանազան էթնիկական խմբերի միջև) և նախապատրաստի երկիրը հերթական նախագահական ընտրություններին:

Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկա

Մարի Լուիզ Կոլեյրո-Պրեկան Լեյբորիստական կուսակցության և 1998 թվականից ի վեր Մալթայի խորհրդարան անդամ է: 2014 թվականի ապրիլից նա Մալթայի երկրորդ կին նախագահն է ( Ագատա Բարբարայից հետո) և երկրի ամենաերիտասարդ ղեկավարը:

Եվա Կոպաչ

Լեհաստանի պատմության մեջ երկրորդ կին վարչապետ, մասնագիտությամբ մանկաբույժ Եվան վարչապետ է ընտրվել 2014թվականի սեպտեմբերին:

Սիմոնետտա Սոմմարուգա 

Շվեյցարիայի նախագահի պարտականությունները կատարում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Նշենք, որ Շվեյցարիայի նախագահները ընտրվում են մեկ տարով:

Կոլինդա Գրաբար-Կիտարովիչ

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Խորվաթիայի նախկին դեսպան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանրային դիվանագիտության հարցերով նախկին տեղակալ, հմայիչ,  հոլիվուդյան ժպիտով շիկահեր, ազգայնական հայացքներով Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը տիրապետում է վեց լեզուների: Նա համարվում էր առավել խելացի ու լավ վարձատրվող ՆԱՏՕ-ի աշխատողներից մեկը: 2015 թվականի փետրվարի 19-ից Կոլինդան զբաղեցնում է երկրի ղեկավարի պաշտոնը`հանդիսանալով Խորվաթիայի պատմության մեջ առաջին կին նախագահը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am