Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լքեց ԲՀԿ-ն

Armenpress 18:54, 5 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հայտարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հեռանալու մասին:

«Հաշվի առնելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուրս գալու մասին որոշումը, այլևս ոչ մի պարտավորվածություն չեմ տեսնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ: Միաժամանակ, լինելով ապաքաղաքականացված կառույցի ղեկավար՝ նպատակահարմար չեմ գտնում իմ հետագա անդամակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Սամվել Բալասանյանը: 

«Ուզում եմ մատնանշել հետագա համագործակցության պատրաստակամությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և բոլոր քաղաքական ուժերի հետ քաղաքում կուտակված բազմաթիվ խնդիրների լուծման և Գյումրիին նոր կարգավիճակ տալու համար՝ ի շահ Գյումրիի և գյումրեցիների»,- շեշտել է Գյումրու քաղաքապետը:

Սամվել Բալասանյանը 2003-2007 թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 49 ընտրատարածք), Ազգային ժողովի Ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Հայխնայբանկում» ավանդադրված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնայողական ավանդները վերականգնելու և փոխհատուցելու հնարավորություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ, ՕԵԿ խմբակցության ղեկավար: 2007 թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 35 ընտրատարածքից: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր: 2010 հոկտեմբերից մինչև 2012 թ. մայիս եղել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ: 2012 թ-ի հոկտեմբերի 11-ից Գյումրու քաղաքապետն է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am