1000х90.jpg (78 KB)

Մնջախաղի թատրոնը Վրաստանում և Մեքսիկայում հյուրախաղեր կունենա

Armenpress 11:04, 28 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի մնջախաղի պետական թատրոնը պատրաստվում է հյուրախաղերով հանդես գալ մի շարք երկրներում: «Արմենպրես»-ի հետ զրույցում մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ թատրոնը ճանաչված է շատ երկրներում և շատ մնջախաղի փառատոնների կողմից:

«Մենք շատ հրավերներ ենք ստանում, և տարվա մեջ մի քանի անգամ մասնակցում ենք մի քանի փառատոնների, հյուրախաղերով ենք հանդես գալիս: Այս տարի ևս ունենք հրավերներ: Գարնանը՝ մայիսին, պետք է Թբիլիսիում մասնակցենք առաջին անգամ կազմակերպվող մնջախաղի միջազգային փառատոնին: Հոկտեմբերին Մեքսիկայում Սերվանտինո փառատոնում ենք հանդես գալու: Երկու դեպքում էլ ներկայանալու ենք «Շերանիկ» ներկայացմամբ, որը մենք վերականգնում ենք»,-նշեց Ժիրայր Դադասյանը:

Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ընդգծեց, որ «Շերանիկ»-ը բեմադրվել է դեռևս 2005 թվականին, բազմաթիվ հաջողություններ է ունեցել, դրսում ներկայացվել:

«Ինչ-որ բաներ վերանայում ենք, դերասաններն են փոխվել: Նոր դերասաններ են մուտք գործում ներկայացման մեջ, նոր կազմ է ընդգրկվում և կարծես նորից բեմադրում ես»,-նշեց Դադասյանը:

Նրա խոսքով՝ բացի այդ, թատրոնում այժմ նոր ներկայացում է պատրաստվում, որը կոչվում է «Գալատեա»: «Ներկայացումը պատրաստում է Յուրի Կոստանյանը՝ թատրոնի տնօրենը: Դեռևս աշխատում ենք ներկայացման կոնցեպտի վրա: Հույս ունենք, որ այն հնարավոր կլինի իրականացնել պետպատվերի շրջանակում»,-եզրափակեց նա:

Մնջախաղի թատրոնի պատմության սկիզբը դրվեց 1969 թվականին` Մոսկվայի թատերական արվեստի պետական ինստիտուտի ուսանող Հենրիկ Պողոսյանի շնորհիվ, որի ստեղծած «Տուշպա» թատերախումբը մանրապատումների ծրագրով 1969 թվականին դարձավ հանրապետության ուսանողական «Գարուն» փառատոնի դափնեկիր։ Իր առաջին ամբողջական ներկայացմամբ թատերախումբը հանդես եկավ 1974 թվականի մայիսի 18-ին Հայաստանի մշակույթի նախարարության գեղարվեստական խորհրդի և մշակույթի անվանի գործիչների ներկայությամբ , որի շնորհիվ ճանաչվեց «Պրոֆեսիոնալ կոլեկտիվ» և ընդգրկվեց Հայհամերգի կազմում։ Այս տարեթիվն էլ թատրոնի ծննդյան օրն է։ Պետական կարգավիճակ թատրոնը ստացավ 1983 թվականին և վերանվանվեց «Երևանի մնջախաղի պետական թատրոն»։ 1998 թվականին թատրոնի գեղարվեստական ղեկավար է դառնում Ժիրայր Դադասյանը, ով ղեկավարում է թատրոնը ցայսօր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am