Ստեֆանի Թոփալյանը Հայաստանում է և ուրախ «Եվրատեսիլ-2015»-ին մասնակցելու համար

Armenpress 18:33, 27 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի անդամ Ստեֆանի Թոփալյանը երազել է իր հայրենի երկիրը և Ճապոնիան ներկայացնել երգի միջոցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ երգչուհին գրառում է կատարել իր ֆեսյբուքյան պաշտոնական էջում:

«Ես «Եվրատեսիլ-2015» մրցույթի չորրորդ մասնակիցն եմ: Ինձ համար մեծ պատիվ է լինել այս ամենի մասը: Ինձ համար երազանք է Հայաստանը և Ճապոնիան ներկայացնել մի բանի միջոցով, որը ես սիրում եմ անել: Երաժշտությունը և իմ արմատներն ինձ համար շատ թանկ են: Ես ամեն ինչ կանեմ մեր թիմը բարելավելու համար: Շնորհակալ եմ բոլորիդ աջակցության համար, ես բոլորիդ շատ եմ սիրում: Տեր Աստված: Սա այնքա՜ն անիրական է: Իսկ դուք հուզվա՞ծ եք: Ես շատ հուզված եմ: Ներեցեք, որ ստիպված էի սա որպես գաղտնիք պահել, բայց… ես արդեն Հայաստանում եմ»,- նշել է Ստեֆանի Թոփալյանը:

Ճապոնահայ երգչուհի Ստեֆանի Թոփալյանը «Genealogy» խմբում ներկայացնում է Ասիա աշխարհամասը: «Այնքա՜ն շատ են այս պահին զգացողությունները: Զգում եմ, որ պատվի եմ արժանացել, հուզված եմ և, միևնույն ժամանակ, հպարտ: Ուրախ եմ լինել «Genealogy»-ի անդամ: Շատ շնորհակալ եմ»,- առաջին տպավորությունն էր արտահայտել Ստեֆանին:

Ստեֆանի Թոփալյանի մոգական տաղանդն ու ձայնային լայն դիապազոնը Ճապոնիայում արդեն հազարավոր սրտեր են գերել: Ստեֆանին երգչուհի է, երգահան և դերասանուհի, որն այժմ բնակվում է Տոկիոյում: Շնորհված լինելով բնատուր արտիստիզմով՝ նա զգում էր, որ երգն այն երազանքն է, որի շուրջ կծավալի հետագա կյանքը: 

Երգչուհին Աոյամա Գակուին համալսարանի իրավագիտության բաժնի շրջանավարտ է:

Ստեֆանին ծնվել է ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում. հայրն ազգությամբ հայ է, մայրը՝ ճապոնուհի: Թեև Ստեֆանին այժմ բնակվում է Ճապոնիայում, նա հավատարիմ է հայկական արմատներին: Երգչուհին հատկապես ընդգծված կապվածություն ունի տատիկի հետ, որը շատ պատմություններ է պատմել հայ ժողովրդի եւ հայկական մշակույթի մասին:

Ստեֆանին երգել սկսել է տասներեք տարեկանից: Իր երգի աուդիո ձայնագրությունն ուղարկել է տարբեր երաժշտական ձայնագրման ստուդիաներ: Արձագանք է ստացել ճապոնացի երաժշտական պրոդյուսեր Ջո Ռինոյից, որին տպավորել է նրա կատարումը: 19 տարեկանում Ստեֆանին իր առաջին մեծ քայլերն է կատարել երգի ասպարեզում SME (SONY) ձայնագրման ստուդիայում: Ճապոնական հեղինակավոր երաժշտական «Japan records awards» 49-րդ մրցանակաբաշխության ժամանակ նա ստացել է «Լավագույն նորահայտ արտիստ» մրցանակը: 2007-ին երկու ալբոմ է թողարկել:

Ստեֆանիի երգերը լայն արձագանք են գտել ճապոնական «Անիմե» անիմացիոն ֆիլմերում: Նրա առաջին և երկրորդ սինգլներ «Kimiga Iru Kagiri»-ն և «Because of you»-ն հաջորդաբար եղել են «Kiss Dum» անիմացիայի սաունդթրեքեր: Ստեֆանիի հինգերորդ սինգլ «Changin»-ը նույնպես եղել է սաունդթրեք «D.Gray-man» անիմացիոն ֆիլմի համար: 2008-ի սկզբին նրա «Friends» կատարումն «Անիմե TV»-ի «Gundam 00» տեսաշարի երկրորդ երգն էր: Այն իր ուրույն տեղը գտավ ճապոնական «Օրիկոն» լավագույն տասնյակի մեջ:

Որպես դերասանուհի Ստեֆանին իր առաջին քայլերն է կատարել 2009-ին «Pride» ֆիլմում` նկարահանված Yukari Ichijo's shōjo կոմիքսի հիման վրա: Ստեֆանին մարմնավորել է Շիո Ասամի կերպարը, նաև մասնակցել ֆիլմի սաունդթրեքի ձայնագրությանը՝ կատարելով «Pride -A Part of Me» երգը SRM-ի հետ համատեղ: Բացի «Pride» ֆիլմից, Ստեֆանին նկարահանվել է «Tokyo Tribe» (2014) և կարճամերտաժ «It's All Good» (2009) ֆիլմերում:

Ստեֆանին համակրում է Մայքլ Ջեքսոնին և բրիտանական Queen ռոք խմբին: Հայկական և ճապոնական կերակրատեսակների սիրահար է, սիրում է նաև  երկար զբոսնել:

«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝ 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն: Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am