1000х90.jpg (78 KB)

Կգնա՞ արդյոք մայրը Լեոյի հետեւից. Ռուզան Բադալյանը մանրամասներ է հաղորդում հղիության ընթացքից

Armenpress 16:00, 7 Փետրվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դաունի համախտանիշով փոքրիկ Լեոյին կյանք տված Ռուզան Բադալյանը հղիության ընթացքում բոլոր զննումներն անցել է, սակայն խնդիրը չի հայտնաբերվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց կինը: «Ես անչափ շնորհակալ եմ իմ բժշկուհուց, նա հոգատար և սիրով է եղել իմ հանդեպ: Քանի որ բավարար գիտելիքներ չունեմ այդ ոլորտից, չեմ կարող ասել, թե որքան է եղել բժշկական թերացումը կամ արդյոք եղել է: Կատարվել են բոլոր հետազոտությունները: Սոնոգրաֆիկ հետազոտության ժամանակ խնդիրը չի հայտնաբերվել»,- նշեց Ռուզան Բադալյանը:

Հարցին ի պատասխան, թե արդյոք նա պատրաստվում է գնալ երեխայի հետևից, Ռուզան Բադալյանը նշեց. «Իմ միակ ցանկությունն է, որպեսզի երեխան տեղափոխվի Նոր Զելանդիա, դա միակ հնարավորությունն է նրան արժանապտիվ ու բարեկեցիկ կյանք տալու»։

Դաունի համախտանիշը բնածին մտավոր հետամնացության տեսակ է, որը համատեղվում է համապատասխան սոմատիկ անոմալիաների և ֆիզիկական կառուցվածքի արատների հետ։ Երկու սեռի ներկայացուցիչների մոտ հանդիպում է միևնույն հաճախականությամբ։ Դաունի համախտանիշը առաջին անգամ նկարագրել է անգլիացի բժիշկ Լենգդոն Դաունը 1876 թվականին, ում պատվին էլ այն անվանվել է։ 

ՀՀ առողջապահության նախարարության տվյալներով՝ աշխարհում ամեն տարի 3000-5000 երեխա ծնվում է Դաունի համախտանիշով: ՄԱԿ-ի նախաձեռնությամբ 2012 թվականից մարտի 21-ը համարվում է Դաունի համախտանիշով ապրող մարդկանց խնդիրները բարձրաձայնելու օրը:

Դաունի համախտանիշով երեխաները մյուսների համեմատ ավելի դանդաղ են զարգանում, բայց նրանք լիովին ունակ են սովորելու, շատերը նույնիսկ կարող են մասնագիտություն ձեռք բերել, ունենալ ընկերներ, կազմել ընտանիք, վարել լիարժեք և անկախ կյանք: Այդ համախտանիշով հիվանդ երեխաները ծնողների հոգատարության և աջակցության, բժշկական օգնության և խորհրդատվության, ինչպես նաև հասարակության աջակցության շնորհիվ նաև կարող են լուրջ ձեռքբերումների հասնել: Փոխվել է նաև այդ համախտանիշով տառապող մարդկանց կյանքի տևողությունը: Եթե 1980-ականններին նրանք ապրում էին մոտ 25 տարի, ապա հիմա ապրում են արդեն 48-50 տարի: 

Ի տարբերություն շատ այլ բնածին արատների՝ Դաունի համախտանիշի առաջացումը կանխարգելել հնարավոր չէ: Դաունի համախտանիշով երեխայի ծնվելու հավանականությունն ավելի բարձր է տարիքով մեծ ծնողների մոտ: Այդ իսկ պատճառով, հիվանդության կանխարգելման նպատակով երեխայի ծնունդը պլանավորելուց առաջ զույգերին խորհուրդ է տրվում անցնել բժշկագենետիկական խորհրդատվություն:

Հայաստանում Դաունի համախտանիշով երեխաների վերականգնողական բուժումն իրականացվում է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի «Արբես» առողջության կենտրոններում, նաև մարզային մասնաճյուղերում, «Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում»` բազմամասնագիտական խմբի միջոցով, ինչպես նաև ներառական մանկապարտեզներում և դպրոցներում:

Հունվարի 21-ին Երևանի հիվանդանոցներից մեկում ծնվեց հայուհու և նորզելանդացու որդին՝ Լեոն, ում մոտ ախտորոշվել է Դաունի համախտանիշ: Մայրը հրաժարվել է նրանից, իսկ հայրը որոշել նրան տեղափոխել Նոր Զելանդիա ու հոգ տանել փոքրիկի մասին: Հայրը ՝ Սամուել Ֆորեսթը, նախաձեռնել է «Bring Leo Home» անվանումով դրամահավաքն ու մինչ այս պահը հավաքել 442 հազար 429 դոլար: Նվիրատվություն է կատարել 15 հազար 925 մարդ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am