Գյումրիի սպանդի մասին WikiPedia-ում հայերեն եւ անգլերեն հոդվածներ են ավելացվել

Armenpress 14:20, 15 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiPedia առցանց հանրագիտարանի հայերեն եւ անգլերեն բաժիններում էջ է բացվել Գյումրիում տեղի ունեցած սպանդի մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «2015 Gyumri massacre»` անգլերեն եւ «Ավետիսյանների ընտանիքի սպանություն Գյումրիում»` հայերեն վերտառությամբ հոդվածներում հաղորդվում է, որ հունվարի 12-ին 6 մարդու մահացած են գտել Գյումրիում: Նշվում է, որ Հայաստանի Քննչական կոմիտեն կասկածյալ է համարում Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Նա զենքն ու համազգեստը թողել էր հանցանքի վայրում:

Զոհերը նույն ընտանիքի անդամներ են, իսկ 6 ամսական փոքրիկը ծայրահեղ վիճակով տեղափոխվել է հիվանդանոց:

Նշվում է, որ հունվարի 14-ին Գյումրիում և Երևանում տեղի ունեցան զանգվածային բողոքի ցույցեր, որոնց հիմնական պահանջն էր սպանության մեջ մեղադրվող Պերմյակովին Ռուսաստանին չհանձնելը: Նույնը օրը ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել է, որ մեղադրվողը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանում 

WikiPedia-ն ազատ հանրագիտարան է, որտեղ յուրաքանչյուրը նյութ ավելացնելու և այն խմբագրելու հնարավորություն ունի:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am