Գյումրիում սպանություն կատարելու մեջ կասկածվողը խոստովանել է հանցանքը

Armenpress 11:38, 13 Հունվար, 2015

ԳՅՈՒՄՐԻ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամներին սպանելու մեջ կասկածվող ռուսական 102-րդ ռազմաբազայի շարքային զինծառայող Վալերի Պերմյակովը տվել է առաջին ցուցմունքը եւ խոստովանել հանցանքը: Այս մասին հայտարարել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը Գյումրիում կայացած մամուլի ասուլիսում: «Նա պատմել է, որ դուրս է եկել քաղաք զբոսնելու, մտել է այդ տուն, որտեղ էլ տեղի է ունեցել կատարվածը: Ձերբակալված անձը շարունակում է մնալ ռուսական ռազմաբազայում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Պողոսյանը` ընդգծելով, որ շարունակվում են հանցագործության բացահայտման բոլոր միջոցառումները: Գործը իրավապահների խիստ հսկողության ներքո է:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, իսկ նրանց մահը վրա է հասել հրազենից արձակված կրակոցների հետեւանքով։ Ավետիսյանների ընտանիքից ողջ է մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Նշանակվել են դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am