1000х90.jpg (78 KB)

Գյումրիում սպանդի կասկածյալը չի ենթարկվել ու հանձնվել է սահմանապահների դեպի վեր կրակոցից հետո

Armenpress 11:04, 13 Հունվար, 2015

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսական սահմանապահները ձերբակալել են առանձնահատուկ ծանր հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին, ով փորձում էր հատել հայ-թուրքական սահմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունից, կասկածյալը ձերբակալվել է Բայանդուր գյուղի մոտակայքում:

Գյումրիում կատարված դեպքերի հետ կապված` Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունն իրականացրել է սահմանի առանձնահատուկ խստացված հսկողություն: Հայ-թուրքական սահմանի երկայնքը շրջափակված էր, և այն հսկվում էր սահմանապահների կարգախմբերով` սպաների գլխավորությամբ, որպեսզի հնարավոր լիներ կանխել օրինախախտի հնարավոր ներթափանցումը դեպի Թուրքիա: Այսպիսով, հունվարի 13-ին` ժամը 00:15-ին, սահմանապահ խումբը, որը բաղկացած էր Գյումրիի սահմանապահների խմբից, սահմանից մոտ 2000 մ հեռավորության վրա նկատել է անհայտ անձի, ով շարժվում էր դեպի պետական սահմանը: Թույլ տալով անհայտ անձին մոտենալ հայ-թուրքական սահմանապահ կարգախմբին՝ կարգախմբի ավագը հրամայել էր նրան կանգ առնել, սակայն նա շարունակել է քայլել: Այնուհետ սահմանապահը բացականչել է. «Կանգ առ, այլապես կկրակեմ», սակայն դա էլ չի կանգնեցրել նրան: Դրանից հետո կարգախմբի ղեկավարն իրականացրել է մեկ, նախազգուշական կրակոց դեպի վեր ԱԿ-74 ավտոմատից, որով ստիպել է օրինախախտին պառկել գետնին: Այսպիսով, հաջողվել է օրինախախտին ձերբակալել Բայանդուր գյուղից 700 մ դեպի հյուսիս հեռավորության վրա:

Սահմանախախտը քաղաքացիական հագուստով է եղել: Զննության ընթացքում անձը հաստատող փաստաթղթեր չեն հայտնաբերվել, ունեցել է բջջային երեք հեռախոս, գրպանի էլեկտրական լապտեր, 6 հազար դրամ:

Ֆիլտրացիոն միջոցառումների  ընթացքում հաստատվել է, որ ձերբակալվածը 102-րդ ռազմական բազայի զինծառայող, շարքային Վ.Պ. Պերմյակովն է:

Հայաստանում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության պետ գեներալ-մայոր Վ.Վ. Բիրյուկովի որոշմամբ` ձերբակալվածը  հանձնվել է 102-րդ ռազմական բազայի հրամանատարին` կայազորի ռազմական դատախազի եւ ռազմաքննչական բաժնի ներկայացուցիչների ներկայությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am