Սունկ արտադրող ընկերությունը սահմանամերձ շրջաններին սնկի աճեցման բացառիկ առաջարկ է անում

Armenpress 10:50, 12 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի խոշորագույն արտադրող «Առողջ սունկ» ընկերությունը պատրաստվում է առաջարկ ներկայացնել Կառավարությանը` սահմանամերձ շրջաններում սնկարտադրության խթանման վերաբերյալ: Առաջարկի էությունն այն է, որ ընկերությունը պատրաստակամություն է հայտնում հումք տրամադրել գյուղացիական տնտեսություններին և սովորեցնել սնկի աճեցման տեխնոլոգիան: «Արմենպրես»-ի հետ զրույցում ընկերության տնօրեն Սուրեն Դավթյանը պատմեց, որ այդ ծրագրով ցանկանում են լուծել երկու հարց` խթանել սնկարտադրությունը Հայաստանում և ընդլայնել շուկան:

«Ծրագիրն ընդգրկում է Հայաստանի շրջաններում, հատկապես  սահմանամերձ գյուղերում, սնկարտադրության  ճյուղի զարգացումը: Մենք նպատակ ունենք փոքր գյուղացիական, ընտանեկան տնտեսություններին ինքարժեքով տրամադրել հումք և սովորեցնել` ինչպես աճեցնել սնկերը։ Ուզում ենք, որ սահմանամերձ շրջաններում մարդիկ կարողնան զբաղվել այս գործունեությամբ, ինչը  կխթանի ներհոսքը այդ շրջաններ և կբարելավի այնտեղ ապրողների կենսամակարդակը: Կառավարության աջակցությամբ հույս ունենք կազմակերպել այդ գործընթացը»,- ասաց Դավթյանը:

Սնկի արտադրության կազմակերպմանը հաջորդում է իրացման խնդիրը, որը ևս իր լուծումն է ստացել «Առողջ սունկ»-ի մշակած ծրագրում: «Երբ հումքը տրամադրվում է և գյուղացիները աճեցնում են սունկը, մենք պատրաստակամ ենք կազմակերպել դրա իրացումը: Որոշակի ժամանակ անց, երբ արդեն գյուղացիական տնտեսություններում կզարգանա այս ճյուղը և մարդիկ սկսեն եկամուտներ ստանալ, կարող են փոխահատուցել հումքի արժեքը: Սակայն պետք է նշեմ, որ այս ծրագիրը շահույթ չհետապնդող է»,- վստահեցնում է ընկերության տնօրենը:

Սուրեն Դավթյանի խոսքով` եթե Հայաստանի սպառման ծավալները համեմատենք  այլ երկրներում սնկի սպառման ծավալների հետ, ապա այստեղ շուկան դեռ հագեցած չէ: «Հանրապետության շրջաններում դեռևս մարդիկ սովոր չեն սունկը օգտագործելու  իրենց ճաշացանկում: Երբ սկսվի այդ գործընթացը շուկան էլ կընդլայնվի»,- նկատում է նա: Գործարարը  հույս ունի, որ 1-2 տարի հետո ընկերությունն իր գործունեությամբ  գյուղատնտեսության բնագավառում կունենա իր ուրույն դերը և կնպաստի գյուղատնտեսության զարգացմանը։

«Սա կարևոր սկզբունքային մոտեցում է, որի իրականացումն արդեն կախված է նրանից, թե ինչ եղանակով կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել այս գործընթացը»,- հավելեց նա:

«Առողջ սունկ» ընկերությունը շուրջ 10 տարի գործունեություն է ծավալում Հայաստանում: Ներկայում ընկերությունը արտադրում է ինչպես սնկի աճեցման համար անհրաժեշտ կոմպոստը, այնպես էլ թարմ սունկը, որի որոշակի մասն արտահանվում է նաև այլ երկրներ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am