Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Armenpress 14:32, 2 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի Ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԳԱ ակադեմիայի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, Ալեքսանդր Չիկաիձեն և Վլադիմիր Գասպարյանը ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: Վրաստանից ժամանած հյուրերը եղել են ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը: ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանն ուղեկցել է հյուրերին և ներկայացրել հուշահամալիրի կառուցման պատմությունը: Վրաստանից ժամանած պատվիրակությունը եղել է նաև պուրակում, որտեղ նախարար Ալեքսանդր Չիկաիձեն ջրել է Վրաստանի Նախագահի կողմից տնկված արծաթափայլ եղևնին: Հյուրերն այցելել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ժամանակավոր ցուցադրությունների սրահ և ծանոթացել Հայոց ցեղասպանության մասին պատմող ժամանակավոր ցուցադրության հետ: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am